News

Շուտով հաստատման կներկայացվի ուսանողական զեղչերի մասին օրինագիծը

Educational 2013-08-26

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ: Նախարարը նախ ներկաներին է ներկայացրել ՀՀ ԿԳՆ-ի կողմից նախաձեռնված սոցիալական ծրագրերը, որոնք նպատակ ունեն սոցիալապես խոցելի խմբերի ուսանողների համար հստակ երաշխիքներ ապահովել:
ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ արդեն պատրաստ է և առաջիկայում հաստատման կներկայացվի ուսանողական զեղչերի մասին օրինագիծը, որտեղ հստակ ամրագրվում է, որ բուհերն իրենց բյուջեների առնվազն 7 տոկոսը պարտավոր են ուղղել ուսանողական զեղչերին: Սոցիալական աջակցությունը մրցակցային հիմունքներով պետք է հասանելի լինի ուսանողների առնվազն 10 տոկոսին: Ընդ որում, հստակ նշվում են նաև այն սոցիալական խմբերը, որոնք կարող են օգտվել զեղչերից, ամրագրվում է նաև հատկացվող աջակցության չափը: Նախարարը ներկայացրել է համեմատական տվյալներ և նշել, որ գործող օրենքով բուհերը ուսանողական զեղչերի համար հատկացնում են իրենց բյուջեների 2-5 տոկոսը, որոշ բուհերում այդ ցուցանիշն ավելի ցածր է: Շրջանառության մեջ դրված օրինագծով՝ ընդլայնվում է նաև սոցիալական խմբերի թիվը. «Պետությունն իր վրա է վերցնում և անվճար կրթություն է ապահովում հաշմանդամ ուսանողների համար, անապահովության «Փարոս» համակարգում ընդգրկված երեխաների համար կսահմանվի 50-100 տոկոս, մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողները կօգտվեն 50 տոկոս զեղչից, երեք և ավելի ուսանող ունեցող ընտանիքի երեխաները՝ 30 տոկոս զեղչից, զեղչեր են նախատեսված նաև ծնողազուրկ երեխաների համար և այլն: Բուհերը կարող են նաև, բացի այս խմբերից, իրենց կողմից ևս սահմանել լրացուցիչ արտոնություններ»,- նշել է Ա. Աշոտյանն ու շեշտել, որ նշված արտոնությունները վերաբերելու են բացառապես լավ սովորող ուսանողներին: Ընդգծելով, որ որևէ լավ սովորող ուսանող վարձի պատճառով չի զրկվելու բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից` ՀՀ ԿԳ նախարարը ամփոփելով նշել է, որ պետության ձեռնարկած քայլերի արդյունքում ուսանողների սոցիալական կարիքների համար ծախսվող միջոցները իրենց ծավալով ավելի մեծ են լինելու, քան այլ հավելյալ գումարները, որոնք վարձավճարների բարձրացման պատճառով գանձվելու են ուսանողներից:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.