News

Ցերեկույթ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին

Educational 2018-01-30

ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում հունվարի 26-ին անցկացվեց ցերեկույթ՝ նվիրված հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին : Օրը տոնական է: Փողփողում է Հայոց եռագույնը: Ներս են մտնում զինվորական համազգեստ հագած աշակերտները, հպարտ ու հաստատուն քայլերով՝ « Ես եմ քո վաղվա զինվորը » անբեկանելի խոսքը շուրթերին: Սիրտդ լցվում է հպարտությամբ, երբ լսում ես Հայոց բանակին նվիրված գեղեցիկ ասմունքն ու երգերը, դիտում խրոխտ ու առնական պարերը: Դժվար էր բանակաշինության ճամապարհը: Այսօր Հայոց բանակը վստահ ու աներեր քայլում է առաջ, դառնում մեր երկրի ու ժողովրդի խաղաղության երաշխավորն ու մշտարթուն պահապանը: Շնորհավոր տոնդ, սիրելի Հայոց բանակ : Թող հաղթանակներդ ձեռք բերվեն խաղաղ պայմաններում: Օրվա խորհուրդն իրենց գեղեցիկ ու խրոխտ կատարումներով ամբողջացրին դպրոցի 5-12-րդ դասարանների աշակերտները: Զինղեկ Գառնիկ Մանուկյանը ներկայացրեց մեր բանակի անցած ուղին: Բանակին նվիրված իրենց բանաստեղծություններով հանդես եկան 9-րդ դասարանի աշակերտ Արեգ Գասպարյանը և 11-րդ դասարանի աշակերտուհի Զարա Հարությունյանը: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչները, գյուղապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Տնօրեն Աիդա Մուրադյանը շնորհավորեց ներկաներին և դիմեց աշակերտներին. «Հայկական մարտունակ բանակը կայացավ մեր ժողովրդի զավակների մտքի, բազկի ու հնարամտության շնորհիվ: Ես միջոցառումից տպավորված եմ և համոզված, որ մեր աշակերտների աչքերում բռնկվող փայլատակումը վկայում է, որ նրանք կդառնան երկրին արժանի քաղաքացի» և հորդորեց լավ, շատ լավ սովորել, դառնալ ազգի լավ զավակ, հրաշունչ զինվոր, պատասխանատու քաղաքացի, ինչպիսիք էին 2016թ. ապրիլյան քառօրյային մասնակից փայլուն երիտասարդները, որոնք հայրենասիրության վառ օրինակներ են: Բոլորը մեծ բավականությամբ ու ժպիտով հեռացան : Ծ.Կարապետյան Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.