News

ԿԳ նախարար Ա.Աշոտյանը կրկին ընդունել է բուհերի վարձավճարների թանկացման դեմ բողոքող երիտասարդների

Educational 2013-08-23

Երեկ կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանը ընդունել է ուսման վարձավճարների դեմ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ երիտասարդների: Նախարարը առաջարկել է երիտասարդներին իրենց պահանջներն ու առաջարկները գրավոր ներկայացնել ՀՀ ԿԳ նախարարություն:
Երիտասարդները տարբեր հարցեր են ուղղել նախարարին՝ ուսանողների  համար նախատեսված սոցիալական ծրագրերի, ռեկտորատների որոշումների վերանայման հնարավորության և այլ խնդիրների վերեբերյալ: ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը  հանգամանալից ներկայացրել է խնդիրը՝ նշելով, որ շատ բուհերում ֆինանսական լուրջ խնդիրներ կան: Բուհերը   վարձավճարների բարձրացման քայլին գնացել են պարտադրված՝ բուհի հետագա զարգացումն ու որակյալ, մրցունակ կրթություն ապահովելու պահանջից ելնելով, հետևաբար վարձավճարների   վերանայումը իրատեսական չէ:
 
«Պետության խնդիրն է ապահովել, որպեսզի որևէ լավ սովորող ուսանող վարձի պատճառով չզրկվի կրթության հնարավորությունից կամ դուրս չմնա բուհից: Հավատացած եղեք, որ այդ ուղղությամբ ամեն ինչ անելու ենք»,- վստահեցրել է  Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով առաջիկայում ընդունելով օրենք` կսահմանվի բուհերի վարձավճարների վերին շեմ:
 
Սեպտեմբերի 1-ից «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները, եթե լավ են սովորում, ապա 50-100 տոկոս ուսման վարձի զեղչ կստանան: Մշակման փուլում է գտնվում նաև ուսանողական զեղչերի մասին օրինագիծը, որտեղ այդ գործընթացի համար սահմանվում  են հստակ պահանջներ, այն դեպքում, երբ այժմյան օրենսդրությամբ սոցիալապես խոցելի խավերի համար բուհն ինքն է որոշում` որքան զեղչ կիրառել: «Մենք ուսանողների 11 խմբերի համար, թեպետ առաջարկների հիման վրա այդ խմբերի քանակը կարող է փոխվել, հստակ սահմանելու ենք, թե ում քանի տոկոս զեղչ կհասնի: Դա կլինի պարտադիր բոլորի համար, անկախ նրանից, թե բուհի ղեկավարությունն ինչպիսի կապեր և հարաբերություններ ունի այս կամ այն ուսանողի հետ»,- շեշտել է  ԿԳ նախարարը և հավելել, որ  կառավարությունն օրենքի նախագիծը սեղմ ժամկետներում կուղարկի ԱԺ, և ամեն ինչ կարվի, որ 2014 թվականի հունվարից ուսանողական զեղչերի մասին օրենքը  արդեն կիրառվի. «Այսինքն լավ սովորող ուսանողը հունվարից արդեն կունենա սոցիալական զամբյուղից օգտվելու հնարավորություն»,- վստահեցրել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ գալիք տարի արդեն նախատեսվում  է ավելացնել նաև պետպատվերի տեղերի քանակն այն մասնագիտությունների համար, որոնք պետության համար գերակա ուղղություններ են: Նախարարը նշել է նաև, որ այս տարի շուրջ 100 պետպատվերի տեղեր տեխնիկական և գյուղատնտեսական  մասնագիտությունների գծով թափուր են մնացել, որոնք հետո լրացուցիչ հատկացվել են արվեստի բուհերին:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.