News

Պարգևատրվել են «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամները

Sports 2018-01-12

Սպորտի և հասարակական գործունեության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար ԱԺ պատվո մեդալով են պարգևատրվել Արկադի Անդրեասյանը, Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Պողոսյանը, Նորայր Մեսրոպյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Նիկոլայ Ղազարյանը, Էդուարդ Մարկարովը, ԱԺ նախագահի հուշամեդալով՝ Ռուդիկ Բարսեղյանը: Պարգևները հանձնելով «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամներին՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ այդ լուրջ պայքարում հայ ֆուտբոլիստները հաղթող են դուրս եկել՝ կարողանալով մեր ժողովրդին պարգևել կրկնակի հաղթանակի բերկրանք ու հպարտության պահեր: «Այն, ինչ 1973 թվականին իրագործեցիք դուք և Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի ձեր խաղընկերները, իսկապես հերոսություն էր՝ հաշվի առնելով, թե ինչպիսի մրցակցության պայմաններում կարողացաք նվաճել Խորհրդային Միության չեմպիոնի կոչումը և ԽՍՀՄ գավաթը: Հավատացեք, այսօր՝ 45 տարի անց էլ մենք ոչ պակաս հպարտություն ենք ապրում: Դուք հայ ժողովրդի համար լեգենդար անձնավորություններ եք »,-նշել է ԱԺ նախագահը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը ևս շնորհավորել է արարատցիներին՝ ընդգծելով, որ այս տարին հոբելյանական է մեր ժողովրդի համար. պետք է նշվի Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյա հոբելյանը, արցախյան շարժման 30-ամյակը, ինչպես նաև «Արարատ 73»-ի կրկնակի հաղթանակի 45-ամյակը: Վերհիշելով 20-րդ դարում հայ ժողովրդի ազգային զարթոնքի հաղթական էջերը՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ դրանց շարքում իրենց ուրույն տեղն ունեն նաև մարզական նվաճումները: «Դուք կաք ու կլինեք ոչ միայն մեր մարզական աշխարհի, այլ նաև հասարակական կյանքի ամենավառ աստղերից»,-նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը: Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.