News

ԿԳ նախարար Ա.Աշոտյանը անդրադարձել է բուհերի ուսման վարձերի թանկացման հարցին

Educational 2013-08-21

Ս.թ. օգոստոսի 20-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանը հանդիպում է ունեցել «Ազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության անդամների հետ: Նախարարը նշել է, որ նախարարությունը սիրով պատրաստ է հանդիպել կրթության խնդիրներով մտահոգ բոլոր հասարակական նախաձեռնությունների և երիտասարդների հետ:
«Որպես քաղաքական-հասարակական գործիչ և որպես նախարար, ոգևորությամբ և ուրախությամբ եմ ընդունում, որ Հայաստանում կան երիտասարդներ, ովքեր ունեն ցանկություն, բաց  նյարդ, որը  ցավում է հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների և հատկապես կրթության ոլորտի բարելավման համար»,- ընդգծել է նախարար  Ա.Աշոտյանը:
 
Հանդիպման ընթացքում նախաձեռնության առաջնորդ Վահան Մարտիրոսյանը նախ  հրապարակել է ՀՀ ԿԳ նախարարին ուղղված իրենց դիմումը, իսկ այնուհետ  այն փոխանցել նախարար Արմեն Աշոտյանին: Դիմումում մասնավորապես նշվում է, որ  «Ներազգային ազատագրական շարժումը»  պահանջում է` կասեցնել սույն թվականի մայիսին ռեկտորների խորհրդի կողմից ընդունված որոշումը, որով նախատեսվում է բարձրագույն կրթական հաստատությունների ուսման վարձավճարների բարձրացում: Ըստ դիմումատուների՝  որոշումը բավարար հիմնավորվածություն չունի և  սոցիալական իրավիճակի հետ կապված` բավական մտահոգիչ է: Պարզաբանելով բարձրացված հարցը` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նախ նշել է, որ երիտասարդները մեկշաբաթյա ժամկետում կստանան գրավոր հանգամանալի պատասխան, ինչպես նաև նշել, որ նամակում արծարծված  խնդիրներն ուղղակիորեն ածանցվում և փոխկապակցվում են  երկրի սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակի հետ:
 
«Ուսման վարձերի թանկացման  որոշումը կայացվել է բուհերի կողմից: Պետք է նշել, որ  մենք երկար տարիներ փորձել ենք զսպել վարձավճարների բարձրացումը` բուհերին խնդրելով նման որոշումներ չկայացնել: Բայց հարկ է նաև անպայման նշել, որ բուհերի ֆինանսատնտեսական վիճակը մոտ ապագայում վատթարանալու է: 2011 թվականին բուհերն ընդամենը 20 տոկոսով են կատարել ընդունելություն, քանի որ ավագ դպրոցի բարեփոխման ծրագրի ներդրմամբ պայմանավորված շրջանավարտներ չկային: Բացի այդ, այս տարի նույնպես ունեցել ենք ուսանողների թերհամալրում, մենք ունենք բավական շատ թափուր տեղեր: Մյուս կողմից բավական մեծ և  ուռճացված են նաև բուհերի պրոֆեսորա-դասախոսական և սպասարկման անձնակազմերը, իսկ մենք  երկար տարիներ փորձել ենք զերծ մնալ կրճատումներից` հաշվի առնելով սոցիալական խնդիրները: Սակայն  այսօր եկել է  համակարգում վիրաբուժական միջամտությունների ժամանակը: Եթե մենք այսօր չկարողանանք կտրուկ և լուրջ քայլեր իրականացնել, մոտ ապագայում կրթության համակարգը լուրջ խնդիրներ է ունենալու»,- մեկնաբանելով հրապարակված բաց նամակը՝ նշել է  Ա. Աշոտյանը:
 
«Ոչ մի լավ սովորող ուսանող ուսման վարձավճարի պատճառով ուսանելու հնարավորությունից չի զրկվի: Սա կառավարության կողմից առաջադրված  քաղաքական մոտեցումն է»,- շեշտել է  նախարարը:  Ա. Աշոտյանը նշել է, որ բարձրագույն կրթության մատչելության հետ կապված խնդիրն ակնհայտ էր` անկախ որոշ բուհերի կողմից վարձավճարները բարձրացնելու հանգամանքից:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.