News

«Էրեբունի» թանգարանում կբացվի լուսանկարների ցուցահանդես` «Հռոմ. Իմ քաղաքի ժամանակակիցը» խորագրով

Featured 2013-08-20

Սկսած 1991 թվականից եվրոպական երկրներում իրականացվում է Եվրոպական ժառանգության օրեր նախաձեռնությունը, որի նպատակն է ազգային ժառանգությունները դիտարկել որպես Եվրոպա մայր ցամաքի մեկ ընդհանուր հարստություն` կոտրելով մշակույթների ու լեզուների տարբերություններով պայմանավորված անջրպետը:
Այս տարի արդեն 10-րդ անգամ Հայաստանը կմիանա Եվրոպական ժառանգության օրերին` հաստատելով իր անդամակցությունը եվրոպական մշակութային ընտանիքին:
 
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հաղորդմամբ, Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ` օգոստոսի 30-ին, քաղաքամայր Երևանի համար ամենից խորհրդանշական վայրում` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կբացվի լուսանկարների ցուցահանդես` ներկայացնելով Երևանի հիմնադրմանը ժամանակակից մեկ այլ քաղաքի` հավերժական քաղաք Հռոմի ժառանգությունն ու անկրկնելի գեղեցկությունը: Ցուցահանդեսը, որը կրում է «Հռոմ. Իմ քաղաքի ժամանակակիցը» խորագիրը, ներկայացնում է դիվանագետ, մասնագիտությամբ ճարտարապետ Կարինե Դանիելյանի լուսանկարները` արված Իտալիայում իր դիվանագիտական առաքելության տարիներին:
 
ՀՀ մշակույթի նախարարության կողմից այս տարի առաջարկված «Ժառանգության ժառանգները» խորագրի համատեքստում`ցուցահանդեսը հասցեագրված է Երևանի ժառանգներին` հիշեցնելով պատմական քաղաքի բնակիչ լինելու յուրաքանչյուրիս պարտավորությունը: Այն մտածված է որպես Եվրոպայի գանձարան համարվող քաղաքով շրջայց` լուսանկարների միջոցով:
 
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա 2013թ.-ի օգոստոսի 30-ին, ժամը 13:00-ին: Այն կգործի մինչև 2013թ.-ի հոկտեմբերի 30-ը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.