News

ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը ընդունել է բուհերի վարձավճարների թանկացման դեմ բողոքող երիտասարդներին

Educational 2013-08-14

Ս.թ. օգոստոսի 13-ին երիտասարդների մի խումբ բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ ԿԳՆ վարչական շենքի մոտ` բուհերի ուսման վարձավճարների թանկացման դեմ: Երիտասարդներին առաջարկվել է բաց քննարկում կլոր սեղանի շուրջ՝ ՀՀ ԿԳՆ-ում: Երիտասարդները ընդունել են նախարարի առաջարկը և բարձրացել նախարարության նիստերի դահլիճ: Նշելով, որ ողջունում է երիտասարդների ակտիվությունն ու նախաձեռնողականությունը` նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել երիտասարդներին և շեշտել, որ ինքը կողմնակից է բաց, հրապարակային քաղաքականության` ի շահ խնդիրների լուծման:
«Շնորհակալ եմ, որ ընդունել եք իմ հրավերը, կարծում եմ, որ առաջնայինը ոչ թե հանդիպման վայրն է, այլ բուն խնդիրը, որը ձեզ մտահոգում է: Եթե կան կրթական ոլորտին վերաբերող խնդիրներ, ապա դրանց քննարկման լավագույն վայրը հարկատուների միջոցներով աշխատող պետական կառույցն է` ԿԳՆ-ն: Պատրաստ եմ լսել ձեր բոլոր առաջարկությունները»,- դիմելով երիտասարդներին` ասել է Ա. Աշոտյանը: Սակայն  երիտասարդները ՀՀ ԿԳ նախարարին բուհերի վարձավճարների բարձրացման խնդրին վերաբերող  հստակ պահանջներ և առաջարկություններ չեն ներկայացրել,  հայտարարել են, որ իրենք նպատակահարմար չեն գտնում իրենց հիմնական պահանջները ներկայացնել ԿԳՆ նիստերի դահլիճում և հեռացել են դահլիճից:
 
Այնուհևտև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է լրագրողների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ բուհերում վարձավճարների բարձրացման խնդրի շուրջ: Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանում գործող բուհերից վարձավճարները բարձրացվել են 5 բուհերում: Վարձավճարներ սահմանելը բուհերի ինքնավարության շրջանակում է, այդ որոշումը կայացվել է բուհերի կողմից` հաշվի առնելով ժամանակակից նորմերով նախատեսված որակյալ և մրցունակ կրթություն ապահովելու պահանջը: «Բուհերի վարձավճարների բարձրացման խնդիրը առաջ էր եկել դեռ 4-5 տարի առաջ, ինչը մեր կողմից մշտապես կանխվել է: Սակայն կան բուհեր, որոնք այսօր լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն: Դժվար է պատկերացնել, որ որևէ մեկը, այդ թվում նաև ՀՀ ԿԳ նախարարը, կարող է կողմ լինել վարձավճարների թանկացմանը, սակայն կան օբյեկտիվ խնդիրներ, որոնք հնարավոր չէ անտեսել: Ես կարծում եմ, որ բուհերը պետք  է առավելագույնս  թափանցիկ, հաշվետվողական լինեն իրենց բյուջեների տնօրինման և վարձավճարների ծախսման առումով: Ես կողմնակից եմ, որ  ուսանողները հստակ պահանջ դնեն և իմանան, թե ինչի վրա են ծախսվում իրենց գումարները: Ուսանողների թվաքանակի նվազումն ու պրոֆեսորադասախոսական ու տեխնիակական աշխատակազմի ներկայիս քանակը,  ինչպես նաև տեխնիկական վերազինման պահանջը տևական ժամանակ հանգեցրել են այնպիսի իրավիճակի, որ շատ բուհեր այսօր  զարգացման համար ֆինանսական հնարավորություն չունեն: Այս իմաստով, ցավոք,  վարձավճարների բարձրացումը մի շարք բուհերում դարձել էր անխուսափելի»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը`   հավելելով, որ պետությունը մտադիր է վերահսկել  և բուհերի ինքնավարության որոշակի սահմանափակում մտցնել` առաջիկայում ընդունելով օրենք, որը  հնարավորություն կընձեռի սահմանել բուհերի վարձավճարների վերին շեմ:
 
Հանդիպման վերջում ՀՀ ԿԳՆ նախարարը  մեկ անգամ  ևս շեշտել է, որ  հավատարիմ է մնում  բաց քաղաքականության գործելաոճին և ողջունում է երիտասարդների, հատկապես ուսանողների  ակտիվությունը` կարևորելով խնդիրների լուծումը: «Ուսման վարձերի բարձրացման հետ կապված ես ստացել եմ նաև գրավար նամակներ ուսխորհուրդներից, հանրային խորհրդից ու երիտասարդների այլ խմբերից: Մենք  բաց ենք ցանկացած առաջարկության և բաց քննարկման համար»,- եզրափակել է Ա. Աշոտյանը:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.