News

Հայ երիտասարդները միավորվեցին Հայագիտական համահայկական 6-րդ օլիմպիադայի շրջանակներում

Educational 2013-08-12

Ս.թ. օգոստոսի 9-ին մեկնարկեց Հայագիտական համահայկական 6-րդ օլիմպիադան, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում: Օլիմպիադային մասնակցում են 8 երկրներից ժամանած 150 դպրոցականներ: Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը շեշտեց, որ Հայագիտական համահայկական օլիմպիադան վաղուց դարձել է հայկական աշխարհի կարևոր դրսևորումներից մեկը` միավորելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող ու հայեցի կրթությամբ շահագրգիռ պատանիներին:
«Օլիմպիադան արդեն դարձել է ավանդական միջոցոռում ինչպես մեր, այնպես էլ Սփյուռքի դպրոցականների համար, ովքեր կարևոր առաքելություն ունեն պահպանելու հայ մարդու տեսակը`  անկախ երկրի գտնվելու աշխարհագրական դիրքից, վայրից ու հեռավորությունից: Նրանք  հայրենիք են եկել` իրենց ուժերն են չափելու արդեն վեցերորդ անգամ: Բոլորին ողջունում եմ և մաղթում հաջողություն»,- բացման խոսքում նշել է Մ. Մկրտչյանը:
 
Համահայկական 6-րդ օլիմպիադայի մասնակիցներին ողջույնի ուղերձ էր հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետի ուղերձում մասնավորապես  նշվում է. «Հայաստանի Հանրապետության կառավարության անունից սրտանց ողջունում եմ ձեզ: Ուրախ եմ, որ արդեն ավանդական դարձած հայագիտական համահայկական այս միջոցառումն աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում է միավորել այսքան երիտասարդների, ովքեր պատանեկան տարիքում կատարում են իրենց կյանքի առաջին կարևոր քայլերից մեկը, մասնակցում են ազգաճանաչողությանն ու հայ ինքնության բացահայտմանը նվիրված այս հետաքրքրական ստուգատեսին: Ձեր հետաքրքրությունը հայ ժողովրդի հարուստ մշակույթի, մեր գեղեցիկ լեզվի ու հերոսական պատմության նկատմամբ ոգևորիչ է: Այն դրական ազդակ է հաղորդում ձեր հազարավոր սերնդակիցներին, խթանում է նրանց հետաքրքրությունը հայագիտական առարկաների նկատմամբ: Առաջիկա օրերին դուք հնարավորություն եք ստանալու գործնականում ապացուցել, որ ստացել եք համակողմանի գիտելիքներ: Այս դեպքում է տեղին նշելը, որ ձեզնից յուրաքանչյուրը ներգրավված է լինելու այնպիսի մրցակցությունում, որտեղ չկան պարտվողներ, որտեղից դուք կտանեք գիտելիքի նորացված պաշար և ձեռք կբերեք նոր ընկերներ: Հայաստանի կառավարության համար հայագիտության զարգացումը գիտական քաղաքականության ոլորտի առաջնայնություններից է: Մեր երկրում հայագիտական աշխատանքները համակարգելու, հայագիտության ասպարեզում նկատվող տեղաշարժերը ժամանակին արձանագրելու և կանոնակարգելու, նրա արդյունավետ և հեռանկարային զարգացման օրինաչափությունները նախանշելու նպատակով ստեղծել ենք վարչապետին առընթեր հատուկ խորհուրդ: Այս առումով օլիմպիադայի անցկացումն ամբողջովին համահունչ է մեր ծրագրերին: Մենք խրախուսելու ենք, որ դուք, մասնագիտական կողմնորոշումն ընտրելիս, նախապատվությունը տաք հայագիտությանը: Հուսով եմ, որ օլիմպիադայի արդյունքում դուք էլ ավելի լավ կճանաչեք Հայաստանը և բոլորիս կուրախացնեք ձեր նորանոր հաջողություններով»:
 
Հայագիտական համահայկական 6-րդ օլիմպիադան կազմակերպում է  ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և այս տարի առաջին անգամ անցկացվելու  է նաև Հայ առաքելական եկեղեցու պատմության մրցույթը:  Օլիպիդան կանցկացվի օգոստոսի 9-15-ը` Ծաղկաձորում:
 
Միջոցառումների նպատակն է` խթանել և խրախուսել հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության և հայ մշակույթի իմացությունը սփյուռքի հայկական դպրոցներում, հնարավորություն տալ այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցներին առողջ մրցակցության պայմաններում դրսևորել իրենց գիտելիքներն ու ստեղծագործական կարողությունները՝ նպաստելով առավել շնորհալի պատանիների հայտնաբերմանը:    
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.