News

Dasaran-ը պարգևատրեց նոր սերնդի դպրոցներին

Featured 2017-11-28

Այսօր Dasaran կրթական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի ու Արցախի կրթության և գիտության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության և Dasaran կրթական ծրագրի համատեղ իրականացրած «Նոր սերնդի դպրոց 2016-2017» վարկանիշավորման մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, դպրոցի տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ և այլք: «Նոր սերնդի դպրոց» հանրակրթական դպրոցների վարկանիշավորման մրցույթը նպատակաուղղված է հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների համակարգչային գիտելիքների վերազինմանը, դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառման և Dasaran-ի էլեկտրոնային հարթակի լիարժեք գործածման խրախուսմանը, ծնողների համար ուսումնական գործընթացն ու աշակերտների առաջադիմությունն առավել թափանցիկ և վերահսկելի դարձնելուն: Մրցույթն իր սահմաններում էր միավորել Հայաստանի և Արցախի՝ Dasaran կրթական ծրագրի էլեկտրոնային միջավայրին միացած բոլոր 1.499 դպրոցներին: -Dasaran-ն առաջինն է, որ անցկացնում է դպրոցների վարկանիշավորման նման հրապարակային մրցույթ, ինչը կարող է խթան հանդիսանալ ժամանակին համընթաց շարժվելու և նոր սերնդի դպրոցների կայացման հարցում,-իր խոսքում նշեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: -Ես ուրախ եմ, որ այսօր կա նման կառույց, որը փորձում է օգնել նորը տեսնել, նորի գաղափարախոսությունը բերել ու հրամցնել,- ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը: «Նոր սերնդի դպրոց 2016-2017» վարկանիշավորման մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության արարողության ժամանակ ընդհանուր առմամբ 61 դպրոց պարգևատրվեց տարբեր մրցանակներով, այդ թվում՝ համակարգիչներով, գրադարաններով և պատվոգրերով: Հայաստանյան և արցախյան դպրոցներից ամենաբարձր արդյունավետությունն էին դրսևորել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 1 հիմնական, Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 5 հիմնական, Կոտայքի մարզի Զորավան գյուղի միջնակարգ, Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի միջնակարգ, Վայոց Ձորի մարզի Հորբատեղի գյուղի հիմնական, Սյունիքի մարզի Շամբի գյուղի միջնակարգ և Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ուռեկանի գյուղի միջնակարգ դպրոցները: Շնորհակալություն ենք հայտնում Global Credit, Menu Group, GG, Ucraft և X-Tech ընկերություններին և Հայ-ռուսական համալսարանին կրթության ոլորտի զարգացման գործում Dasaran-ի կողքին լինելու համար:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.