News

Դաս անիվների վրա։ Այս անգամ նշանակետը հնագիտությունն էր․․․

Educational 2017-10-12

Հոկտեմբերի 8-ն էր՝ մեր հերթական բացօթյա դասի օրը: Այս անգամ մեր նշանակետը հնագիտությունն էր կամ այն ամենը, ինչ առնչվում է դրա հետ: Անիվներն այս անգամ մեզ տարան պատմահնագիտական թանգարաններ ու հնավայրեր: Երևանում ենք՝ Էրեբունի և Շենգավիթ արգելոց-թանգարաններում: Այստեղ ստուգվելու էին մեր գիտելիքները Կուր-Արաքսյան և ուրարտական մշակույթների մասին: Բայց նաև իմացածն էինք լրացնում ուշագրավ տեղեկություններով, որն առավել տպավորիչ էր դառնում ցուցանմուշների տեսանելիությամբ, որոնք հիշողության թելով համեմատում էինք Տարոնիկ գյուղի՝ Մեծամորի պատմահնագիտական թանգարանի ցուցանմուշների հետ: Պիտի խոստովանենք նաև, որ առավել ազդու տպավորություն ստանում էինք հնավայրերում: Ամրոցի սենյակներում ու միջանքներում շրջելիս փորձում ես կյանքն ու մարդկանց պատկերացնել հազարամյակներ առաջ, ձեռքիդ հպումը հնամենի քարերին ասես փոխանցում է նախահայրերի ոգու կանչը, որին ջանում ես ականջալուր լինել ներլսողությամբ: Շենգավիթի արգելոցում յուրօրինակ անակնկալ էր սպասվում: Ներքևում մեր հայացքը հանգչում էր երբեմնի սկիզբ առած ու հանգած քաղաքակրթության քարե վկաներին, վերևում՝ նրանց չորս կողմից օղակող լեռնասյուներին՝ Արարատին, Արագածին, Արայի լեռանն ու Հատիսին՝ ամենատես, բայց ավելի գաղտնապահ, քան անբարբառ քարերը: Մեր հաջորդ կայանատեղիները Արուճը, Աղձքն ու Կոշն էին: Արուճում շրջեցինք քարավանատանը, Ս. Գրիգոր եկեղեցում և պալատի ավերակների շուրջ՝ տեղեկություններ ստանալով դրանց մասին: Այստեղ էլ համեմատելի էին Արուճի և Ջրափիի իջևանատները: Դիպվածը Աղձքի դամբանադաշտում հանդիպեցրեց պեղումների աշխատանքներին մասնակցած մարդաբան Արմեն Մարտիրոսյանին, որի հետ ունեցած զրույցից էլ իմացանք որոշակի մանրամասներ այս դամբանադաշտում կատարված թաղումների մասին: Օրվա վերջին այցելությունը Կոշ գյուղի Ս. Գրիգոր փոքրիկ եկեղեցում ու «Աղջկա բերդում» էր: Բլուրի բարձունքին՝ բերդի ավերակներում, տեղեկություններ ստացանք Կոշ բնակավայրի մասին, ծանոթացանք «Աղջկա բերդի» ավանդազրույցին: Այստեղ էլ կուտակված խանդավառությունը՝ միակցված մայր երկրի՝ աստիճանաբար ճանաչելի դառնալու ուրախությանը, դուրս հորդեց երգ ու պարով, արտասանությամբ: Այս ամենով հանդերձ՝ պիտի փաստենք նաև դարձերեսի գոյությունը: «Մեր ունեցածի տերը մենք ենք» գիտակցումը միանշանակ չի ընկալվում: Այն մեզ համար ունեցածը պահպանելն է, ոմանց համար, սակայն, եղածը բարբարոսաբար շահագործելը, այն էլ նախածին բնազդները բավարարելու համար: Տխուր պատկեր էր ներկայացնում Արին բերդի սենյակներից մեկի պատը: Ամոթալի պատկեր էր Կոշում, որտեղ մի խումբ երիտասարդներ բերդը դարձրել էին հարբեցողության որջ՝ ամենևին չզլանալով արկղով գարեջուրը բարձրացնել ու բերդի գլխին խրախճանել՝ նրա ավերակները դարձնելով դատարկ շշերի գերեզման, դեռ հյուրընկալության կանոններն էլ «պատվել»՝ մեր երգելու ընթացքում անդրածինի ձայնարկումներով: Տպավորությունն այն էր, որ մեր փնտրածն իրենց ոտքերի տակ է: Եվ այնուամենայնիվ, օրվա պարգևն այնքան առատ էր, որ մեզ հետ մնալու են արևի դեղնավուն ժպիտն ու աստիճանաբար նիրհող բնության պատկերները, քարե հեքիաթն ու նորի որոնումը:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.