News

Տարբեր երկրներից ժամանած դպրոցականները հանգստացան Դիլիջանի միջազգային դպրոցի ճամբարում

Educational 2013-07-30

Ս.թ. հուլիսի հուլիսի 14-ից 28-ը Դիլիջանի միջազգային դպրոցը հյուրընկալել էր 13 երկրներից ժամանած 30 երեխաների: Ամառային ճամբարի կազմակերպման բոլոր ծախսերը հոգացել էր Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներ` Վերոնիկա Զոնաբենդի և Ռուբեն Վարդանյանի RVVZ հիմնադրամը: Երեխաների թվում կային նաև հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ:
Ամառային ճամբարի ընթացքում երեխաները զբաղվել են սոցիալական և բնապահպանական խնդիրների ուսումնասիրությամբ, որոնց արդյունքները ներկայացրին հուլիսի 27-ին «Դիլիջան Ռեզորթ» հանգստյան համալիրում` փակման հանդիսավոր երեկոյի ժամանակ, որը կազմակերպել էին ճամբարի մասնակիցները: Մասնավորապես, երեխաները առաջարկներ ներկայացրեցին Դիլիջանի ենթակառուցվածքների բարելավման և այն զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ դարձնելու համար: Երեկոն շարունակվեց բազմամշակութային մթնոլորտում՝ երեխաները ներկայացրին ազգային երգեր, պարեր և կատակերգական ելույթներ:
 
Դիլիջանի միջազգային դպրոցի դռները կբացվեն 2014 թվականի սեպտեմբերին։ Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ, որոնց քանակը 2023թ.-ին կհասնի 650-ի՝ առնվազն 60 երկրներից: Շնորհալի աշակերտների 90%-ը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:
 
Սպասվում է, որ ս.թ. հոկտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը կդառնա Միացյալ hամաշխարհային քոլեջների (United World Colleges) ցանցի լիիրավ անդամ, ինչը թույլ կտա սաներ համախմբել ավելի քան 100 երկրներից: Միացյալ համաշխարհային քոլեջների համակարգը ներկայումս ներառում է 12 ուսումնական հաստատություններ ողջ աշխարհում, որոնք ամեն տարի հյուրընկալում են տարբեր ազգության երիտասարդների: Նրանց ընտրությամբ զբաղվում է ազգային հանձնաժողովների ցանցը 140 երկրներում:
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.