News

Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի աջակցությամբ Հայաստանում որակյալ ոսկերիչներ կպատրաստվեն

Educational 2013-07-27

Երեկ՝ հուլիսի 26-ին ՀՀ ԿԳՆ-ի և Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի միջև՝ ի դեմս նախարար Արմեն Աշոտյանի և ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորկյանի կնքվել է համագործակցության հուշագիր: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից:
Նախարարը, շնորհակալություն հայտնելով ասոցիացիայի նախագահին, մասնավորապես նշել է. «Մեկնարկող նախագծի նպատակն է ոսկերչության ոլորտում ապահովել մասնագիտական հմտություններ ունեցող, աշխատաշուկայի պահանջներին բավարարող երիտասարդ կադրերի պատրաստման գործընթաց: Հուշագիրը համապարփակ լուծում է առաջարկում  որակյալ կադրերի պատրաստման հարցում՝ սկսած նյութատեխնիկական բազայի բարելավումից մինչև վերապատրաստում, մասնագիտությունների առարկայացանկ և դասավանդվող բովանադակության վերանայում,  ինչպես նաև լավագույն կադրերին աշխատատեղերով ապահովում: Միջին մասնագիտական կրթության ոլորտում կրթական բարեփոխումների գերակայություններից մեկը մասնավոր հատվածի ներգրավման հարցն է, ինչպես կրթական բովանդակության վերանայման, այնպես էլ  ուսումնական հաստատությունների կառավարման հարցում նրան դաշնակից դարձնելու և վերջնաարդյունքի վրա խարսխված կրթական ծառայությունների մատուցման գործում, որը պետք է լինի բացառապես աշխատաշուկայի պահանջներին համապատասխան»:
 
Ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորկյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանից դուրս ապրող յուրաքանչյուր հայի պարտքն է փորձել օգնել իր հայրենիքին: Նա ընդգծել է, որ այս հուշագրի նպատակն է ստեղծել բազա ինտելեկտուալ և մասնագիտական բարձր մակարդակ ունեցող մասնագետներ պատրաստելու համար:
 
Հուշագրի նպատակն է՝ մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) շարունակական զարգացումը, ուսումնական հաստատություն-գործատու գործընկերային կապերի ամրապնդումը, հաստատությունների շրջանավարտների զբաղվածության ապահովումը, մասնավորապես, ոսկերչության բնագավառում:
 
Աղբյուրը՝ panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.