News

Ա.Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մհդ. Իսսամ Նայալին

Educational 2013-07-26

Ս.թ. հուլիսի 24-ին ԿԳՆ նախարար Ա.Աշոտյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մհդ. Իսսամ Նայալի հետ: Իր խոսքում նախարարն ընդգծել է, որ Սիրիան մեր երկրի կարևորագույն գործընկերներից է` կրթական համագործակցության առումով, մասնավորապես, արաբերեն լեզվի և մշակույթի ուսումնասիրության բնագավառում:
Այդ համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ մինչև հայտնի ճգնաժամային իրավիճակը, 40 հայ երիտասարդներ սովորում էին Սիրիայի բուհերում, միաժամանակ ընդգծելով, որ ՀՀ բուհերը ևս գրավիչ են՝ ինչպես սիրիահայերի,  այնպես էլ արաբ ուսանողների համար: Ներկայումս էլ միջպետական համաձայնագրի շրջանակում Հայաստանում իրենց կրթությունը շարունակում են Սիրիայի բազմաթիվ քաղաքացիներ: Ա. Աշոտյանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ կառավարությունն արտոնել է սիրիական ծրագրով «Կիլիկյան» վարժարանի գործունեությունը, ինչպես նաև արտոնություններ սահմանել սիրիահայ ուսանողների համար: Նախարարը նաև հույս է հայտնել, որ ճգնաժամից հետո հնարավոր կլինի շարունակել կրթական համագործակցությունը, մասնավորապես, կնքել դիպլոմների փոխճանաչման մասին համաձայնագիր: «Հայաստանի բուհերում կրթության որակը վերջին տարիներին զգալի փոփխությունների է ենթարկվել, և գրեթե բացառվել են նախկինում երբեմն ծագող խնդիրները, այդ թվում նաև` օտարերկրյա ուսանողների կրթության որակի հետ կապված»,-նշել է Ա. Աշոտյանը:
 
Մհդ. Իսսամ Նայալին իր հերթին նշել է, որ ուրախ է գտնվել բարեկամ երկրում` շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը` Սիրիայի քաղաքացիներին տրված արտոնությունների համար: «Սիրիայի հայերն ապացուցեցին իրենց հավատարմությունը Սիրիայի պետությանը ճգնաժամային այս պայմաններում, և ես հուսով եմ, որ նրանք սպասում են իրենց վերադարձին Սիրիա: Հայաստանի դիրքորոշումն արժանի է ամենայն հարգանքի և գնահատականի: Հպարտ ենք հարուստ մշակույթ և ավանդույթներ ունեցող հայ ժողովրդի բարեկամությամբ: Հայաստանը Սիրիայի հավատարիմ ընկերն է, և հուսով եմ, որ մեր երկիրը կհաղթահարի ճգնաժամն իր ժողովրդի, բանակի և իր բարեկամ երկրների շնորհիվ»,-նշել է Մհդ. Իսսամ Նայալին` միաժամանակ հավաստիացնելով, որ տեղյակ է վերջին տարիներին արձանագրված Հայաստանի կրթության որակի բարձր մակարդակից:
 
Ի պատասխան` Արմեն Աշոտյանը նշել է, որ միմիայն Սիրիայի ժողովուրդն է իր ապագայի կերտողը: Նախարարը խաղաղություն,  համբերություն և ուժ է մաղթել Սիրիայի ժողովրդին`  հաղթահարելու առկա դժվարությունները:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.