News

Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյին

Educational 2013-07-25

Ս.թ. հուլիսի 24-ին ԿԳՆ նախարար Ա.Աշոտյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի հետ: Իր խոսքում նախարարն ընդգծել է, որ նախարարության և մեր երկրում ՄԱԿ-ի գործակալությունների միջև համագործակցության բազմակողմանի և արդյունավետ փորձ է կուտակվել, և վերջիններս իրավամբ հանդիսանում են նախարարության հիմնական գործընկերները:
Արմեն Աշոտյանի խոսքով` ՄԱԿ-ի աջակցությունը կրթական բարեփոխումներին կրել է ոչ միայն ֆինանսական, այլ նաև փորձագիտական և մեթոդական բնույթ: Որպես համագործակցության հաջողված փորձ՝ նախարարն ընդգծել է ՄԱԿ-ի միջազգային զարգացման գործակալության հետ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացված համատեղ ծրագրերը, ինչպես նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ ներառական կրթության ոլորտում իրականացված բարեփոխումները:
 
Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի ուշադրությունն է սևեռել նաև մեկ այլ խնդրի վրա. «Դեռևս 1960թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է «Կրթության խտրականության մասին» հռչակագիր, և այդ համատեքստում ես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը երկու գրություն եմ ուղարկել` բարձրացնելով չճանաչված պետությունների քաղաքացիների կրթության իրավունքի պահպանման խնդիրը` առաջարկելով մարդու կրթության իրավունքը չշաղկապել պետական խնդիրների հետ, այլ, ընդհակառակը, տարանջատել քաղաքականությունը կրթությունից և միջազգային կրթական տարածքում ընդգրկել նաև չճանաչված պետությունները: Առաջին գրությանը ստացել ենք պատասխան նամակ, որտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել հարցը քննարկել և աշխատանքային խումբ ստեղծել»,-նշել է նախարարը:
 
Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև բուհերի վարկանիշավորման խնդրին` ընդգծելով, որ վերոնշյալ գործընթացը կարևորվում է կրթության որակի բարձրացման, մրցունակության, գործատուների ներգրավման, ինչպես նաև դիպլոմների փոխճանաչման տեսանկյունից: ՄԱԿ-ի մշտական համակարգողն իր հերթին վստահեցրել է, որ կանի հնարավորը` հաջողությամբ իրականացված կրթական բարեփոխումներին նոր թափ հաղորդելու և աջակցելու համար:
 
Աղբյուրը՝ aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.