News

55 խմբավար ձեռք կբերեն երեխաներին ռոբոտաշինություն դասավանդելու համապատասխան հմտություններ

Educational 2013-07-24

Երեկ՝ հուլիսի 23-ին, տեղի ունեցավ «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրի բացումը, որի կազմակերպիչները մեկ տարվա ընթացքում կազմակերպելու են խմբավարների վերապատրաստման դասընթացներ: Միջոցառումն անցկացավեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզում:
Արդյունքում մարզերից ժամանած 55 խմբավար ձեռք կբերի երեխաներին ռոբոտաշինություն դասավանդելու համապատասխան հմտություններ: 
 
«Տարեցտարի ավելանում է ռոբոտաշինությամբ հետաքրքրվող և ռոբոտների մրցույթներին մասնակցել ցանկացող երեխաների թիվը, ովքեր, ի դեպ, բավական մեծ հաջողություններ են գրանցում մրցույթների ժամանակ»,- նշում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և ավելացնում, որ զարգացումներին ավելի մեծ ընթացք տալու նպատակով միությունը նախագծել է ուսումնական խմբակի համար նախատեսված ռոբոտի կոմպլեկտ: Ներկայումս նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի 50 դպրոցի կտրամադրվեն ուսումնական ռոբոտների համապատասխան հավաքածուներ»:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասում է, որ ռոբոտաշինության զարգացումը մեր երկրի մրցունակության ամրապնդման հեռանկարներից մեկն է: Իր ընկերությունը հնարավոր բոլոր միջոցներով աջակցում է այդ ոլորտի զարգացումը խթանող նախաձեռնություններին. «Դպրոցականին հատուկ ոգևորությունը, հետաքրքրությունը, նորը սովորելու և յուրացնելու աշակերտների ներքին պահանջը դպրոցը դարձնում են իդեալական միջավայր»: Վստահ է, որ սովորողներից շատերը կցանկանան մասնագիտանալ հենց ռոբոտաշինության ոլորտում:
 
Ծրագիրը համակարգելու, ընդլայնելու և ունեցած փորձը բոլոր դպրոցներում կիրառելու նպատակով փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց բոլոր այն ընկերությունների հետ, որոնք համագործակցելու են ռոբոտաշինության ծրագրի հետ: Դպրոցական խմբակների դասընթացների մեկնարկն աշակերտների համար կտրվի 2013 թ.-ի սեպտեմբերին: Խմբակներում պարապմունքները կիրականացվեն միության կողմից նախագծված և դպրոցներին տրամադրված ուսումնական ռոբոտի հավաքածուներով:
 
Աղբյուրը՝ aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.