News

12-ամյա կրթությունը՝ օրենսդրական պահանջ

Educational 2017-08-30

Հայաստանում 2017թ. սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի 12-ամյա կրթության պարտադիր դառնալու օրենսդրական պահանջը: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ երեխաները պետք է դպրոց հաճախեն 6 տարեկանից և 9-րդ դասարանն ավարտելուց հետո անպայման շարունակեն կրթությունը՝ հաճախելով ավագ դպրոց, քոլեջ կամ ուսումնարան: Աշոտ Արշակյանը նշել է նաև, որ օրենսդրությամբ սահմանված կարգով երեխային դպրոց չտանելու համար ծնողների նկատմաբ կարող է վարչական տույժ կիրառվել: Մեր իրականության մեջ, սակայն, առայժմ վարչական տույժի կիրառման դեպքեր չեն եղել: ԿԳ նախարարությունը 12-ամյա պարտադիր կրթության օրենսդրական պահանջի կիրարկումն ապահովելու նպատակով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ԿՏԱԿ-ի հետ համատեղ պատրաստվում է գործարկել կրթությունից դուրս մնացած երեխաների վաղ հայտնաբերման էլեկտրոնային համակարգ, որը, որպես փորձնական ծրագիր, կներդրվի Լոռու մարզում: ՀՀ-ում գտնվող 21 հատուկ դպրոցները կվերակազմակերպվեն՝ դառնալով մանկավարժահոգեբանական աջակցություն ցուցաբերող կենտրոն: Ըստ Ա. Արշակյանի՝ նախնական տվյալներով այս տարի առաջին դասարան կհաճախի շուրջ 40000 երեխա: Առաջին դասարանի աշակերտների վերջնական թիվը հայտնի կլինի սեպտեմբերի 5-ից հետո, երբ կձևավորվեն դասարանները: «Բոլոր դպրոցներն ապահովված են դասագրքերով, և ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի 1-ից 4-րդ դասարանի աշակերտներին դասագրքերը կտրամադրվեն անվճար: Սահմանամերձ 38 համայնքների բոլոր դասարանների դասագրքերը նույնպես անվճար կլինեն: Այն դպրոցները, որտեղ շինարարական աշխատանքներ էին ընթանում, արդեն իսկ ավարտվել են, և դպրոցները պատրաստ են սեպտեմբերի 1-ին»,-նշել է Ա. Արշակյանը: Վարչության պետն անդրադարձել է նաև դպրոցների միավորման և խոշորացման ծրագրին՝ նշելով, որ քաղաքային համայնքներում տեղակայված 13 դպրոց այս տարի կվերակազմավորվի՝ միանալով մոտակա այլ դպրոցների: Դպրոցների վերակազմավորման պատճառն աշակերտների թվի նվազումն է, իսկ նպատակը` ուսուցման որակի բարձրացումը: Ա. Արշակյանը նշել է, որ փակվող դպրոցների ուսուցիչներին փորձելու են աշխատանքի տեղավորել այլ դպրոցներում: «Շատ քիչ ուսուցիչներ կմնան առանց աշխատանքի, քանի որ դպրոցների միավորման արդյունքում, պարզ է, չէ՞, որ աշխատատեղեր էլ կստեղծվեն: Բացի այդ՝ մի շարք ուսուցիչներ աշխատում են համատեղության կարգով, հետևաբար նրանք չեն դիտարկվի կրճատվածներ, քանի որ առանց աշխատանքի չեն մնա»,- մանրամասնել է բանախոսը և հավելել, որ փակվող դպրոցների շենքերը միայն ու միայն կրթության ոլորտին են ծառայելու, ինչը, որպես պահանջ, ամրագրված է նաև օրենքով: Ասուլիսի ընթացքում հանրակրթության վարչության պետն անդրադարձել է նաև Բերդի վարժարանի և դպրոցի միավորմանը, Արթիկի թիվ 7 ավագ դպրոցի շենքի և հանրային հնչեղություն ստացած մի շարք այլ հարցերի: Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.