News

Դպրոցականների առողջության պահպանման մի քանի կանոն

Featured 2017-08-30

Նոր ուսումնական տարվան ընդառաջ ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է մի շարք օգտակար խորհուրդներ: Դպրոցական երեխաների առողջական վիճակը պայմանավորված է մի շարք գործոններով: Երեխայի օրգանիզմի զարգացման համար կարևոր նշանակություն ունեն դպրոցական կահույքն ու պարագաները. հիմնականում՝ դպրոցական պայուսակը, կոշիկը, սենյակի լուսավորությունը, օդափոխությունը և այլն: Առողջության պահպանման և ճիշտ կեցվածքի ձևավորման նպատակով անհրաժեշտ է հանրակրթական հաստատություններում ուսուցման առաջին իսկ օրվանից սովորողներին դաստիարակել և ձևավորել ճիշտ աշխատանքային դիրք աշակերտական նստարանի մոտ: Անբարենպաստ գործոնների ազդեցությունն աճող օրգանիզմի վրա կարող է հանգեցնել հենաշարժիչ համակարգի (կեցվածքի) ֆունկցիոնալ շեղումների՝ ողնաշարի սկոլիոզների, լորդոզների և կիֆոզների: Սկոլիոզը հենաշարժողական ապարատի հիվանդություն է, որին բնորոշ է ողնաշարի ծռումը դեպի կողային հատված: Կարևոր է մշտական շարժողական ակտիվությունը` ներառյալ մարմնամարզությունը. մարմինն ուղղաձիգ դիրքում պահող մկանների վարժեցումը նպաստում է ճիշտ կեցվածքի զարգացմանը։ Կարևոր է տանը և դպրոցում դպրոցականներին նստարանի առջև նստեցնել ճիշտ դիրքով: Աշակերտական նստարանը պետք է լինի հարմար՝ գործառնական չափերով այն պետք է համապատասխանի երեխայի տարիքին բնորոշ անթրոպոմետրիկ ցուցանիշներին: Ուսումնական պարապմունքների ժամանակ պետք է ապահովել երեխայի մարմնի ճիշտ դիրքը նստած վիճակում՝ ինչը ապահովում է ծանրության հավասարաչափ բաշխումը ողնաշարի վրա: Գրելիս և կարդալիս աշակերտի ճիշտ դիրքի պահանջները՝ 1) գլխի թեթևակի հակում դեպի առաջ, էջից աչքերի 35-40սմ հեռավորություն, 2) սեղանին հենված նախաբազուկներ, սեղանից իրանի 3-5սմ հեռավորություն, 3) ոտնաթաթերը հենված հատակին կամ նստարանի հորիզոնական պայտին, 4) ոտքերը ծալված ծնկային և կոնքազդրային հոդում ուղիղ անկյան տակ, 5) ազդրի 3/4-ը պետք է գտնվի նստատեղի վրա, 6) ողնաշարը գոտկային մասով պետք է հենվի նստարանի թիկնակին: Շատ կարևոր է ճիշտ պայուսակի ընտրությունը. խորհուրդ է տրվում օգտագործել ուսապայուսակներ, և ոչ փափուկ ուսապարկեր՝ հատկապես ցածր դասարաններում: Տարրական դասարաններում սովորող երեխաների համար դպրոցական պայուսակի քաշը պետք է լինի ոչ ավելի, քան 600-700 գրամ: Դպրոցական պայուսակի քաշը չպետք է գերազանցի աշակերտի քաշի 10%-ը: Անհրաժեշտ է դպրոցական պայուսակը կրել այնպես, որպեսզի ծանրությունը հավասարաչափ բաշխվի մարմնի վրա: Եթե պայուսակը ձեռքին են կրում, ապա չի կարելի այն անընդհատ նույն ձեռքով բռնել: Երեխաների առողջության համար կարևոր է նաև ձեռքերի և մաշկի հիգիենան, ինչի պահպանումն էլ կարող է զերծ պահել մի շարք վարակիչ հիվանդություններից: Աղբյուրը՝ 1in.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.