News

Կրթության ոլորտի բարեփոխումները՝ օգոստոսյան խորհրդակցությունների առանցքում

Educational 2017-08-26

Նոր ուսումնական տարվան ընդառաջ ՀՀ կրթության ոլորտի պատասխանատուները բոլոր մարզերում հանդիպել են դպրոցների տնօրենների հետ, նրանց հետ քննարկել նոր ուսումնական տարվա հնարավոր խնդիրները և ներկայացրել հիմնական առաջնահերթությունները: Կրթության և գիտության նախարարի տեղակալներ Մանուկ Մկրտչյանը և Վահրամ Մկրտչյանը մասնակցել են համապատասխանաբար Շիրակի և Լոռու մարզերում անցկացվող խորհրդակցություններին: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է Արագածոտնի մարզի կրթության պատասխանատուների հետ, որի ընթացքում ներկայացրել է «Ուսուցիչ» նախաձեռնությունը՝ նշելով, որ 2017-2018 ուսումնական տարում կրթության ոլորտի բարեփոխումները թևակոխում են նոր փուլ։ «Կրթական համակարգի առաջ դրվում է հիմնական մի խնդիր՝ պետք է լինենք կամ սպասարկող երկիր կամ արժեք արտադրող: Մեր տարածաշրջանի դժվարություններին դիմագրավելու համար պետք է կրթական համակարգում զարկ տանք բնագիտությանը։ Սա ենթադրում է, որ մենք մեր կրթական ամբողջ համակարգը պետք է արմատապես վերափոխենք, որպեսզի բոլոր բարեփոխումները ուղղված լինեն մի նպատակի՝ ամեն ինչ դասակարգել և իր տեղը դնել: Մենք հիմա միջառարկայական կապերի միջոցով փորձում ենք կրթական համակարգի բուրգը հստակ ձևավորել։ Շուտով պատրաստ կլինի Կրթության զարգացման մինչև 2030 թվականի ծրագիրը, որի ներքո կձևավորվի երեք կարևոր ծրագիր՝ հանրակրթության պետական ծրագիր, բարձրագույն կրթության համակարգ և միջին մասնագիտական կրթության համալիր ծրագիր»,-նշել է նախարարը: «Ավագ դպրոցում պարտավոր ենք ունենալ առարկա, որը կօգնի մասնագիտական կողմնորոշում ստանալ: Եթե տնօրենն ու իր հենարանը՝ ուսուցիչը, չգիտակցեն իրենց առաքելությունը, ոչինչ չի ստացվելու՝ սկսած վերաբերմունքից, վերջացրած սոցիալական պայմաններով: Եթե տնօրենը խեղճացնի ուսուցչին, մյուսն էլ ավելի բարձր տեղից տնօրենին է խեղճացնելու ու կստացվի, որ մենք մեր ապագան տալու ենք մարդկանց, ովքեր խեղճացած են ու հպարտությունը կորցրած: Նման ուսուցիչը, դասարան մտնելով, նույն մթնոլորտը տարածելու է ծնողների և երեխաների վրա: Դրա համար էլ «Ուսուցիչ» նախաձեռնությունը երկու հարթություն ունի` սոցիալական և մասնագիտական, որոնք պետք է օգնեն ուսուցչին վերագտնելու իր հպարտությունը և անկախությունը: Այսինքն՝ դպրոցը պետք է դառնա ինքնաբավ և կարողանա իր վրա հենվել: Ուղղությունը սա է՝ դպրոցի ինքնուրույնություն, վստահության աստիճանի բարձրացում դպրոցի կայացմանը զուգընթաց»,-նշել է Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով ծրագրերի բեռնաթափմանը: Ըստ նախարարի՝ կվերանայվի նաև ֆինանսավորման կարգը. ուսուցիչները պետք է վարձատրվեն դրույքի համար՝ անկախ աշակերտների թվից և դպրոցի տեղակայման վայրից: Նախարարը իր ելույթում կարևորել է նաև դպրոցներում բնագիտական հոսքի մեծացման և ուսուցչի հեղինակության բարձրացման խնդիրները. « Տարակարգերում նույնպես պետք է փոփոխություններ արվեն՝ մի տարակարգից մյուսին անցնելու համար 10-12 տարի ժամանակ է հարկավոր: Հետևաբար, այստեղ պետք է փոփոխություն արվի, քանի որ ուսուցիչների համար այն նվազեցրել է մոտիվացիան: Տարակարգերի մեջ էլ առանձնապես գումարային մեծ արդյունավետություն չկա, ուստի պետք է տարակարգերի գումարներն էլ ավելացնել: Առհասարակ, պետք է ուսուցիչների արտոնությունները վերականգնվեն. օրինակ, եթե երիտասարդ ուսուցիչը գնում է դասավանդելու բարձր լեռնային շրջան, ապա պետք է օգնենք, որ նա ընտանիք կազմի, վերականգնենք «Ուսուցչի տուն» հասկացությունը և այլն: Բացի այդ, անպայման պետք է տնօրենին վերադարձնենք իր անկախությունը. անընդունելի է տնօրենի այն խեղճ վիճակը, որն այսօր կա՝ հատկապես ընտրությունից ընտրություն: Չի կարելի: Գյուղը պետք է գա ուսուցչից ու տնօրենից խորհուրդ հարցնի. նա պետք է լինի այդչափ հեղինակություն: Ի վերջո, մեր մտավորականությունը նախ այն 37000 ուսուցիչներն են, ովքեր պետք է հասկանան, որ առաքելություն ունեն»: «Ցանկանում ենք ձևավորել բաց հարթակ, որտեղ ով լավ միտք և ծրագիր ունի, հնարավորություն ունենա դրանք իրականացնել՝ այսպիսով կրթական համակարգը դարձնելով օրինակելի»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև Կրթության ազգային ինստիուտի վերափոխման անհրաժեշտությանը վերջինիս դասագրքաստեղծ գործունեության, ուսուցիչների վերապատրաստման և նոր չափորոշիչների ու կրթակարգի ձևավորման համատեքստում: Լևոն Մկրտչյանը խոսել է նաև մանկավարժական կրթության, մասնավորապես, երկակի մոտեցմամբ մասնագիտությունների վերականգնման հնարավորության մասին: «Մյուս խնդիրը, որ առկա է նաև այս տարածաշրջանում, փոքր կոմպլեկտավորում ունեցող դպրոցների հարցն է. երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարաններն իրենց չեն արդարացնում, որի հետևանքով տուժում է կրթության որակը: Ներկայումս մենք ուսումնասիրում ենք ինչպես միջազգային, այնպես էլ տեղական փորձը՝ արդյունավետ ձևաչափ գտնելու նպատակով, հատուկ չափորոշիչներով և ֆինանսավորմամբ: Քաղաքային բնակավայրերում այս խնդիրը կարելի է լուծել, փոքր-ինչ դժվար է գյուղական համայնքների հարցը, որտեղ կան անգամ 4-5 աշակերտ ունեցող դպրոցներ»,-նշել է նախարարը: Լևոն Մկրտչյանը պատասխանել է նաև «Ֆիզկուլտուրա» առարկայի, դասագրքերի որակի, դպրոցում բնագիտական առարկաների դրվածքի վերաբերյալ տնօրենների հարցերին: Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.