News

Կրթական բարեփոխումներ՝ «Ուսուցիչ» նախաձեռնության շրջանակում

Educational 2017-08-23

Կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է «Ուսուցիչ» նոր նախաձեռնությունը՝ առաջարկելով խորհրդակցությունների շարք սկսել և ներկայացնել առաջարկություններ, թե ինչպես կարող են մեծացնել ուսուցչի տեղն ու դերը հասարակության մեջ: Նախարարը նշել է, որ արմատապես վերափոխվելու է Կրթության ազգային ինստիտուտի համակարգը: Այն վերածվելու է հանրակրթության ազգային ինստիտուտի, որը դասագրքերի ստեղծմամբ է զբաղվելու, բարձրացնելու է դասագրքերի որակը, ավելացնելու է էլեկտրոնային գրականության քանակը: Լևոն Մկրտչյանը կարևորել է դպրոցական համակարգի էլեկտրոնացումը, պլանշետներով համալրումը, ուսուցիչների վերապատրաստման նոր մեխանիզմների ներդրումը՝ նշելով, որ վերապատրաստմամբ պետք է զբաղվեն այն կազմակերպությունները, որոնք դա կարող են անել ավելի որակով: «Վերապատրաստումների որակից դժգոհ ենք, գտնում ենք, որ այն շատ բյուրոկրատական է, շատ անձև է, չի համապատասխանում ժամանակակից պայմաններին, և կարող ենք այդ ռեսուրսները ավելի լավ օգտագործել: Պետք է կարողանանք ամբողջությամբ բարեփոխել համակարգը»,- նշել է նախարարը: Թե ինչու նախկինում վերապատրաստումը չի տվել ցանկալի արդյունքներ, նախարարն ընդգծել է սոցիալական կողմը. «Եթե մենք ուսուցչին պետք է բերենք և տարրական օրապահիկ նույնիսկ չտանք վերապատրաստման ընթացքում, որակի մասին ավելորդ է խոսել: Մանկավարժական կրթության մեջ ուսուցչի մասնագիտությունը պետք է ավելի մոտիվացված դարձնել»: Ըստ Լևոն Մկրտչյանի՝ արմատապես կփոխվի նաև դպրոցների ֆինանսավորման բանաձևը. կգնահատվի կոնկրետ մեկ դրույքի բազային արժեքը, և ուսուցիչը կստանա աշխատավարձ՝ անկախ աշակերտների քանակից: Ֆինանսավորումը կփոխվի նաև դպրոցների տեղակայման վայրով (սահմանամերձ շրջաններ, Երևան) և կարգավիճակով պայմանավորված: «Որակյալ ուսուցչին պետք է տանք ազատություն: Այսօր դպրոցը կարողանում է շուրջ 30 տոկոս իր ընտրությունը կատարել, բայց այդ ընտրությունը չի հասնում ուսուցչին: Ուսուցիչը իրավազրկված է հասարակության մեջ, նաև վատ վիճակում է իր բյուրոկրատական վիճակով: Նա պետք է ազատ կարողանա ընտրի իր առարկայի դասավանդման մեթոդիկան, ազատ տնօրինի իր գիտելիքները, կարողանա դասարանին վերաբերվել ոչ թե մեկ գորշ ամբողջություն, այլ կարողանա դասակարգել, անհատական ուսուցման մեթոդներ մտցնել»,-նշել է նախարարը: Նախարարն անդրադարձել է նաև ուսուցչի սոցիալական խնդիրներին՝ նշելով, որ պետք է խրախուսվեն և՛ երիտասարդ, և՛ տարեց ուսուցիչները: «Կարող է տարեց մեկը կա, որ գնում է թոշակի, կենսունակության մեջ է, եթե իրեն առաջարկենք շրջան գնա, հաճույքով պետք է գնա և աշխատի: Պետք է ճկուն մեխանիզմներ անենք՝ ուսուցիչների տների վերականգնում, հողհատկացումներ անենք, սոցիալական որոշակի փաթեթ, որը կօգնի, որ ուսուցչի մասնագիտությունը դառնա հրապուրիչ: Նրանց պետք է տալ արտոնություններ՝ հետագայում իր ճանապարհը շարունակելու: Եթե նույնիսկ ինքը որոշ փուլով աշխատում է, ինքը պիտի իմանա, որ այսքան տարի աշխատեց՝ կկարողանա իր ոլորտը փոխել: Ուսուցչի սոցիալական փաթեթը պետք է մշակվի»,-մանրամասնել է նախարարը: Նախարարը նշել է նաև, որ ուսուցիչը պետք է աշխատի կոմֆորտ միջավայրում, կրթական հաստատությունները պետք է լինեն ազատ մտածողությամբ, և պետք է մեծացվի դպրոցների խորհուրդների դերակատարությունը: Աղբյուրը՝ Aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.