News

16-ամյա աշակերտը ստեղծել է դպրոցական զանգի ավտոմատացված համակարգ

Educational 2017-08-16

Սիսիանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ 16-ամյա Էդգար Պողոսյանը դպրոցական զանգի ավտոմատացված համակարգ է ստեղծել՝ CleverSentry ( «Խելացի ժամապահ»): Զանգի այս ավտոմատացված համակարգը դպրոցում կգործարկվի սեպտեմբերի 1-ին: Համակարգի հեղինակ 16-ամյա Էդգարը նաև նույն դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան է։ «Խելացի ժամապահ»-ի հեղինակը պատմել է նախագծի գաղափարի առաջացման և նրա չորս հիմնական գործառույթների մասին։ «Դպրոցում դասի նստած ժամանակ անընդհատ սպասում ենք՝ թե զանգը երբ պիտի հնչի: Մեկ ուշացնում են, մեկ շուտ են տալիս: Հենց այստեղից էլ ավտոմատացված համակարգի գաղափարն առաջացավ։ Սկզբից ստեղծեցի համակարգ, որ միայն զանգը հնչի: Հետո մեր դպրոցում դինամիկներ կան տեղադրված, մտածեցի՝ թող նաև պարտադիր ամեն օր դասամիջոցներին երգ միանա ու ավելացրի այդ գործառույթը: Աշակերտների համար դրականն այս դեպքում այն է, որ կկարողանան թարմանալ, օրինակ, եթե ուսուցիչը չի հասցրել դասը ամբողջությամբ 45 րոպեում ավարտել, ապա հաստատ դասամիջոցից կօգտվի, բայց եթե երգ միանա, ինձ թվում է՝ դասամիջոցի ժամանակը չեն օգտագործի, և աշակերտը հնարավորություն կունենա լիովին օգտագործել դասամիջոցը: Հետո հիշեցի մի անգամ, երբ մեզ մոտ տագնապ հայտարարեցին, ասացին, որ եթե զանգը երկար անդադար հնչի ուրեմն տագնապ է, որոշեցի այդ միտքն էլ վերացնել, ավելացրեցի տագնապի ազդանշանը, որ սեղմեն և տագնապ հայտարարվի: Ինչպես ամեն օր կեսգիշերին հեռուստացույցով հնչում է ՀՀ օրհներգը, մտածեցի՝ կարելի է նաև այն հնչեցնել առավոտյան, դասերը սկսելուց առաջ ու այդպես ավելացավ նաև այդ գործառույթը»,- նշել է Էդգարը։ Ըստ որում՝ դասամիջոցներին հնչած բոլոր երգերը կլինեն միայն հայրենասիրական ու ազգագրական։ Բացի երգերից, կհնչեն նաև հայ մեծերի մասին պատմող ձայնագրություններ: Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.