News

ԿԳ նախարարը հանդիպում է ունեցել ՉԺՀ կրթության և գիտության փոխնախարար Հաո Փինգի հետ

Educational 2013-07-22

Ս.թ. հուլիսի 14-ից 21-ը Չինաստանի Կոմունիստական կուսակցության հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը մեկնել էր Չինաստան: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով պատվիրակության կազմում էր, հանդիպել է ՉԺՀ ԿԳ փոխնախարար Հաո Փինգի հետ:
Ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Հաո Փինգը կարևորել է կրթության և գիտության ոլորտում երկկողմ համագործակցության խորացումը և ընդլայնումը, մասնագետների, ուսանողների, դասախոսների և գիտնականների միջև փորձի փոխանակումը:
 
Փոխնախարարը հայտնել է նաև, որ առաջիկայում Չինաստանի համալսարաններից մեկում կբացվի հայոց լեզվի և հայկական մշակույթի կենտրոն: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում մեծ հետաքրքրություն է առաջացել չինարեն լեզվի նկատմամբ, ինչպես նաև աննախադեպ աճել է չինական առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել ցանկացողների թիվը, որի վառ ապացույցն են ՉԺՀ կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող կրթաթոշակային ծրագրերի թեժ մրցույթները: Նախարարը հայտնել է նաև, որ առաջիկա տարիներին Հայաստանում կբացվի չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
 
Այցի շրջանակում պատվիրակությունն այցելել է Պեկինի մանկավարժական համալսարան: Համալսարանի ռեկտոր Գոնգ Հյուիլին պատվիրակության անդամներին ներկայացրել է բուհի գործունեությունը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների ընդունելության պայմանները և այն կրթաթոշակային ծրագրերը, որոնցով օտարերկրացի ուսանողները կարող են սովորել համալսարանում: 
 
Պատվիրակությունն այցելել է նաև Շանհայի Ֆու Դան համալսարան, որը Չինաստանի լավագույն համալսարաններից մեկն է: Համալսարանի ռեկտոր Լին Շանլին պատվիրակության անդամներին ներկայացրել է համալսարանի գործունեությունը, զարգացման հիմնական ուղղությունները, կրթության և գիտության որորտում ունեցած նվաճումները: Արմեն Աշոտյանը, խոսելով երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարների մասին, առաջարկել է կրթաթոշակային ծրագրերով ուսանողներ գործուղել նաև տվյալ համալսարան:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.