News

Հայաստանում կրճատվել է բուհերի և ուսանողների թիվը

Educational 2017-08-09

Միասնական քննությունների առաջին և երկրորդ փուլերի արդյունքներով հայտագրվել էր 9559 դիմորդ, ընդունվել՝ 8266-ը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշել է, որ վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում բուհերի թիվը կրճատվել է 25-ով՝ 85-ից հասնելով 60-ի, իսկ ուսանողների թիվը 110 հազարից դարձել է 85 հազար։ «Բուհերի և ուսանողների թվի նվազումը միայն ծնելիության և արտագաղթի հետ չէ կապված։ Կարևոր խնդիր է նաև այն, որ դպրոցի շրջանավարտների մոտ 60 տոկոսը մասնագիտական կողմնորոշում չունի։ Հիմնականում պահպանվում են այն մասնագիտությունները, որտեղ երեխան դեռ դպրոցում ուղղված է դրան, այցելում է համապատասխան դպրոց։ Այդ մասնագիտություններում կրճատում համարյա չի նշվում, իսկ հումանիտար առարկաներում, ինչպես նաև տնտեսագիտության դեպքում բավականին լուրջ կրճատումներ են»,- ընդգծել է սոցիոլոգը։ Ըստ Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանի՝ ուսանողների թվի կրճատումն առաջին հերթին կապված է բնակչության թվի սակավության, ինչպես նաև 17-18 տարի առաջ ծնելիության ցածր ցուցանիշի հետ: «Այս տարի Կրթության միջազգային ակադեմիայում հիմնականում պակաս չի եղել բժշկական և հումանիտար ուղղություններով։ Այս փուլում հայ շրջանավարտներին ենք ընդունում, և գրեթե նույնն է մասնագիտությունների առումով։ Բայց արդեն օգոստոսին սփյուռքահայ դիմորդների հոսքն է սկսվելու և հենց նրանց վրա էլ հույսը դնում ենք։ Կարծում եմ՝ տեղերը համալրելու առումով բոլոր բուհերն էլ հույսը դնում են արտասահմանցի ուսանողների վրա»,- նշել է Անահիտ Հարությունյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵՊՀ միջհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը, ով նշել է, որ ԵՊՀ-ի դիմորդների թիվը նվազել է մոտ 500-ով, բայց ինչպես նախորդ տարիներին, Մայր բուհի դիմորդների թիվը կազմել է ընդհանուր թվի շուրջ 30 տոկոսը։ Իսկ ԵՊՀ-ն 3000 վճարովի և 368 անվճար ու բանակի տարկետման իրավունքով տեղեր էր հայտագրել: Ըստ Վաչագան Գալստյանի՝ Երևանի պետական համալսարանում վերջին տարիներին հատկացված տեղերից 1,5-2 անգամ ավելի ուսանողներ կան ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մշակութաբանության, միջազգային հարաբերությունների, իրավագիտության ֆակուլտետներում, բայց ընդունվողների թիվը տարեցտարի նվազում է ֆիզմաթ և բնագիտական բաժիններում։ «1995-2008 թվականներին ֆիզմաթ և բնագիտական ֆակուլտետներում ունեցել ենք նաև հարցազրույցով ընդունելություն, որն օգնում էր համալրել թափուր տեղերը։ Հաշվի առնելով, որ մեր տնտեսության զարգացման համար շատ կարևոր է հիմնարարը գիտությունների դերը, վերջին տարիներին մենք դիմում ենք պատկան մարմիններին, որպեսզի թույլ տան հարցազրույցով ընդունելությունը վերականգնել»,- մանրամասնել է ԵՊՀ միջհամալսարանական կրթության վարչության պետը։ Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.