News

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` իտալական Musica Riva փառատոնի պաշտոնական նվագախումբ

Featured 2013-07-22

Ս.թ. հուլիսի 20-ին մեկնարկած իտալական Musica Riva 30-րդ միջազգային փառատոնի բացումը տեղի ուենցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթով: ՀՊԵՆ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ երիտասարդական նվագախումբը հրավիրվել է փառատոնի կազմակերպիչների կողմից` որպես Musica Riva-ի պաշտոնական նվագախումբ։
Իսահակ Կարաբչևսկին, որ եղել է Բրազիլիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, դիրիժորական աշխատանքի մեծ փորձ ունի Վիեննայի պետական օպերայում, բարձր գնահատեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և նշեց, որ ինքը շատ ուրախ է, որ հենց հայկական այս նվագախումբն է հրավիրվել մասնակցելու Musica Riva-ին։
 
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր, թավջութակահար Նատալյա Գուտմանն էլ նշեց, որ շատ անգամներ է եղել Հայաստանում, սակայն տեղյակ չէր, որ մեր երկրում գործում է երիտասարդական նվագախումբ, այն էլ` այսքան բարձր մակարդակի։ Նվագախմբի հետ հենց առաջին փորձից Գուտմանը նկատեց, որ Հայաստանը շատ լուրջ կատարողական դպրոց ունի։
 
Փառատոնի շրջանակներում՝ հուլիսի 30-ին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի նաև հայկական երաժշտության երեկո, որը նվիրված կլինի հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, մենակատարներ` Ելենա Թանսկին (ջութակ, Ավստրիա), Լուսինե Մկրտչյանը (սոպրանո, Հայաստան)։
 
Իտալական հեղինակավոր Musica Riva փառատոնին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությունը հնարավոր է դարձել ՀՀ մշակույթի նախարարության, Արթուր Վարժապետյանի` «Լուդինգ» ընկերության հիմնադիր նախագահ, և շատ այլ ընկերների աջակցության շնորհիվ:
 
Աղբյուրը՝ panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.