News

Հայաստանում կմեկնարկի «Ֆրեսկո» չորրորդ միջազգային փառատոնը

Featured 2017-08-02

Օգոստոսի 25-ից Հայաստանում կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը, որը կանցկացվի Երևանում և մարզերի պատմամշակութային վայրերում: Փառատոնի բացմանն ընդառաջ օգոստոսի 23-ին և 24 –ին Կարապի Լճի տարածքում կցուցադրվեն Ֆրեսկոյի նախորդ տարիների լավագույն մրցանակակիր ֆիլմերը: Երևանի պուրակներում, Կարապի լճի տարածքում, ինչպես նաև մշակութային դահլիճներում բացօթյա կկազմակերպվեն կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ, վարպետության դասեր «առանց տոմսի» ձևաչափով: Փառատոնի վրանային կինոճամբարը նախատեսվում է Լոռու մարզի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված վայրերում՝ Հաղպատի, Սանահինի, Հաղարծնի Ախթալա և Քոբայրի վանքերի տարածքում, որտեղ մշակութային ճամբարի մասնակիցները, զբոսաշրջիկները, ինչպես նաև համայնքի բնակիչները հնարավորություն կունենան դիտելու համաշխարհային կինոարվեստի այն ֆիլմերը, որոնք ժխտում են էկոլոգիական աղետները, բռնությունը, քարոզում մարդասիրություն, խաղաղություն, հայրենասիրություն, ուղղված են վերականգնելու ընտանեկան և առհասարակ հոգևոր արժեքները: Այս տարի «Ֆրեսկո»-ի ֆիլմացանկում ներառված է 25 երկրներից 42 նոր կինոժապավեն: Փառատոնն այս տարի ունի նաև «Հետադարձ հայացք» խորագրով հատուկ ծրագիր, որի շրջանակում կնեկայացվեն հայ մտավորական, ամենաինքնատիպ դեմքերից մեկի՝ կինովավերագրող Արա Վահունու ֆիլմերը: Իսկ ԱՄՆ–ից և Կանադայից ժամանած վավերագրական ֆիլմերի մասնագետներ Օդրի Էմերսոնը (ԱՄՆ) և Պասկալ Ժելինասը (Կանադա) վարպետության դասեր կտան հայ կինոարվեստի ներկայացուցիչների և կինոսերների համար: Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում և մարզային ճամբարում կլինեն լուսանկարչության վարպետության դասեր. իսրայելացի լուսանկարիչ Դ. Բրիկմանը և Ճապոնացի լուսանկարիչ Հայատո Մացումոտոն կներկայացնեն իրենց երկրների մշակույթն ու ավանդույթները և կկիսվեն իրենց մասնագիտական հմտություններով: Աղբյուրը՝ Aysor.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.