News

Հայաստանում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացման քննարկում

Educational 2017-07-26

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի և ՄԱԶԾ պատվիրակության hանդիպման ընթացքում քննարկվել են «Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ում ներառված 17 նպատակները, որի չորրորդ նպատակը վերաբերում է ներառական և բոլորի համար որակյալ կրթության ապահովմանը, ինչպես նաև ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորության խթանմանը: Դավիթ Սահակյանը նշել է, որ ներկայումս մշակվող ռազմավարական փաստաթղթերը, այդ թվում` Կրթության զարգացման պետական ծրագիրը, ուղղված են վերոնշյալ քաղաքականության իրականացմանը: Ըստ փոխնախարարի՝ ԿԳ նախարարությունն ակտիվ համագործակցում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, օգտագործում սփյուռքի ներուժը, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության շրջանակում ներգրավում արդեն կայացած կրթական համակարգերը: «ՏՏ բնագավառում այս տարի ունեցել ենք բակալավրիատի 477 շրջանավարտ, մինչդեռ այս ոլորտի աշխատաշուկայում այսօր առկա է 2-3 հազար մասնագետի պահանջարկ: Առհասարակ, դպրոցներում բնագիտական առարկաների պահպանման և զարգացման, հանրակրթության ոլորտում տղամարդ ուսուցիչների ներգրավման, ինչպես նաև գյուղական համայնքներում հասանելի և որակյալ կրթության ապահովման խնդիր ունենք, քանի որ Հայաստանում առկա են 100 աշակերտից պակաս թվաքանակ ունեցող մեծ թվով դպրոցներ: Ներկայումս քննարկում ենք ֆինանսավորման նոր մեխանիզմներ ներդնելու հարցը, որտեղ նախատեսվում է պետականորեն ֆիքսել ուսուցչի նվազագույն աշխատավարձը և ներդնել այնպիսի համակարգ, որը հիմնված լինի դպրոցի իրական կարիքի վրա»,-նշել է Դավիթ Սահակյանը: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը նշել է, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատար է համընդհանուր ներառականության ներդրման առումով: «Հայաստանը հաջողություն է գրանցել նախադպրոցական կրթության հասանելիության ապահովման և ՄԿՈՒ ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Հայաստան ժամանած փորձագետները տարբեր երկրներում Կայուն զարգացման նպատակների իրականացման հարուստ փորձ ունեն և կկարողանան օժանդակել ՀՀ կառավարությանը»,-ընդգծել է նա: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Արարատյան բակալավրիատ ծրագրին, կրթության ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակած չափորոշիչներին, ՄԿՈւ ոլորտում իրականացվող բարեփոխումներին և այլն: Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.