News

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի գործողության ժամկետը կերկարաձգվի

Educational 2017-07-21

Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի գործողության ժամկետը կերկարաձգվի մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Ծրագրի շարունակականության ապահովման վերաբերյալ համաձայնագիր կստորագրվի ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Պասկալ Միշոյի միջև: Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է «Դպրոցական սննդի հիմնադրամ»-ի միջոցով իրականացնել դպրոցական սննդի ծրագրի աշխատակազմի գործնական նախապատրաստում, դպրոցների անձնակազմերի կարողությունների բարելավում, ինչպես նաև ծրագրի ազգային փուլի ընդլայնում: 2014-2015 թթ. ՀՀ Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի բոլոր դպրոցներն ընդգրկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում, իսկ 2017թ. սեպտեմբերից կընդգրկվի ևս մեկ մարզ: 2018 թվականի սեպտեմբերից ծրագրի ազգային փուլում կընդգրկվի 5-րդ մարզը, իսկ մնացած 5 մարզերում դպրոցական սննդի ծրագիրը կիրագործվի «Պարենի համաշխարհային ծրագրի» աջակցությամբ: Ծրագրի շրջանակում մինչև 2018 թվականի հունիս ամիսը սնունդ կտրամադրվի ՀՀ վեց մարզերի շուրջ 600 նախակրթարաններում և դպրոցների տարրական դասարաններում սովորող 60.000 երեխաների: Նշենք, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2010 թվականից, ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» միջև ձեռքբերված պայմանավորվածությամբ, որի շրջանակում ՀՀ բոլոր մարզերի (Երևանը ծրագրում ներառված չէ) տարրական դասարանների աշակերտները դպրոցում ստանում են սնունդ: Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.