News

Էլեկտրոնային ռեսուրսների ներդրման և կիրառման արդյունավետ մոդելի մշակում

Educational 2017-07-19

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացած շնորհանդեսին ներկայացվել է ուսումնական գործընթացում էլեկտրոնային ռեսուրսների օգտագործման միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները: Շնորհանդեսին մասնակցել են ԿԳ նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչներ: ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշել է, որ ժամանակակից կրթությունը հնարավոր չէ պատկերացնել առանց էլեկտրոնային ռեսուրսների կիրառման: «ՀՀ կառավարության ծրագրում և գերակայություններում հատուկ կարևորություն է տրվում ուսումնական գործընթացում էլեկտրոնային ռեսուրսների օգտագործման զարգացմանը: Այս ուղղությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բավական աշխատանք է կատարել, մասնավորապես այդ նպատակով կիրառվում է հեռավար կրթության մոդելը: Ներկայումս առանձնացված են մոտ 11 մենթոր և շուրջ 40 համագործակցող դպրոցներ, որոնք միմյանց հետ աշխատում են՝ կազմակերպելով համատեղ տեսադասեր, ֆորումներ և այլն: Բացի այդ, ԿՏԱԿ-ի կայքում ստեղծված է էլեկտրոնային հարթակ, որտեղ տեղադրված էլեկտրոնային ռեսուրսներն օգտագործվում են դպրոցների կողմից: Առհասարակ, էլեկտրոնային ռեսուրսների կիրառումը կրթության ոլորտում գնալով ավելի մեծ տեղ է գրավում»,-նշել է Ա. Արշակյանը: Հետազոտությունն իրականացրել է «Դասագրքերի շրջանառու հիմնադրամը» ՀՀ ԿԳՆ հանձնարարությամբ: «Մեր խնդիրն էր պարզել, թե էլեկտրոնային ռեսուրսների կիրառումը դպրոցներում ինչ արդյունք է տվել այլ երկրներում, ինչպիսի հաջորդական քայլեր են արվել և որն է էլեկտրոնային ռեսուրսների ներդրման առավել արդյունավետ մոդելը: Այս նպատակով կատարվել է 12 երկրի ուսումնասիրություն, որին մասնակցել են նաև մանկավարժ-հոգեբաններ: Արդյունքներին իրենց գնահատականներն են տվել նաև նեղ մասնագետները՝ որպես ընդդիմախոսներ: Հետազոտության արդյունքում ձևավորված փաստաթուղթն այժմ ներկայացված է հանրային քննարկման»,-նշել է հիմնադրամի տնօրեն Գ. Գասպարյանը: Հետազոտության շնորհանդեսից հետո տեղի է ունեցել քննարկում, ներկայացվել են էլեկտրոնային դասագրքերի, ուսումնաօժանդակ նյութերի և այլ ռեսուրսների կիրառման վերաբերյալ տարբեր առաջարկություններ: Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.