News

Համագործակցության նոր հեռանկարներ կրթության ոլորտում

Educational 2017-07-12

Կրթության որակի բարելավման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներում ակնկալվում է ԵՄ աջակցությունը , մասնավորապես՝ Կրթության ազգային ինստիտուտի վերափոխման, ուսուցիչների վերապատրաստման, դասագրքաստեղծ կենտրոնի ստեղծման, դպրոցներում էլեկտրոնային համակարգի ներդրման, նոր կրթակարգի, չափորոշիչների և կրթական բովանդակության հարցերում: Այս և կրթության ոլորտի վերաբերյալ մի շարք հարցեր քննարկվել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակության միջև կայացած հանդիպման ընթացքում: Լևոն Մկրտչյանը նշել է, որ լայնածավալ բարեփոխումներ են նախատեսվում բուհական համակարգում` կապված ֆինանսավորման մեխանիզմների և բուհերի հավատարմագրման գործընթացների հետ: Նա նշել է նաև, որ Տավուշի մարզի ծրագիրը գտնվում է մշակման փուլում՝ հաշվի առնելով այդ մարզի կրթական առանձնահատկությունները, իսկ ծրագրի արդյունավետ լինելու պարագայում այն կկիրառվի նաև ՀՀ այլ մարզերում: Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ բարձրագույն կրթական համակարգում բավականին արդյունավետ է կիրառվում Էրազմուս ծրագիրը, և հայաստանյան բուհերն ակտիվ մասնակցում են այդ ծրագրին: ԵՀ հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը նշել է, որ կարևորում է ԵՄ-Հայաստան համագործակցությունը, և ՀՀ կառավարության աջակցությամբ մտադրություն կա կրթության և գիտության ոլորտը բարելավելու նպատակով կիրառել TAIEX և TWINNING գործիքները: Նա ողջունել է նաև e-learning համակարգի փորձնական ծրագրի ներդրումը Հայաստանում և պատրաստակամություն հայտնել համագործակցելու ՀՀ-ում գործող միջազգային այլ կազմակերպությունների հետ` կրթության ոլորտը զարգացնելու նպատակով: Հանդիպմանը նշվել է նաև Հայաստանի տարբեր մարզերում TUMO-ի ցանցի ընդլայնման, ԵՄ աջակցությամբ startup–ների և նոր ծրագրերի իրականացման համար հնարավորություն ստեղծելու մտադրության մասին: Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.