News

Հայաստանն ու Իրանը սերտացում են համագործակցությունը

Educational 2017-07-07

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադիի միջև ստորագրվել է «Գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի շրջանակում կողմերը կխթանեն գիտական կազմակերպությունների, համալսարանների և հետազոտական հաստատությունների միջև համագործակցությունը, ինչպես նաև կամրապնդեն երկու պետությունների գիտական համայնքների միջև կապերը: Մասնավորապես՝ կողմերը կհամակարգեն համատեղ հետազոտական նախագծերի երկկողմ ֆինանսավորումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հետևյալ ոլորտներում` ֆիզիկա, բնագիտություն, կենսատեխնոլոգիա, նանոտեխնոլոգիա, ջրային գիտություններ և ճարտարագիտություն, բնապահպանական գիտություններ, երկրագիտություններ, բարձր արտադրողականության համակարգչային հաշվարկներ, ճարտարագիտություն, տեխնոլոգիաներ և նորարարություն, իրանագիտություն և հայագիտություն (լեզու և մշակույթ) և այլն: Կձևավորվի աշխատանքային խումբ, որը կմշակի հետագա գործողությունների քարտեզը: Պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ Իրանը հայկական կողմին կտրամադրի 5 դասախոսի և 15 ուսանողի կրթաթոշակ՝ բնական գիտությունների ոլորտում ԻԻՀ-ում աշխատելու և սովորելու համար: ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ նման բազմաոլորտ պատվիրակության այցը կնպաստի երկու երկրների համագործակցությանը գիտության ոլորտում։ «Տպավորիչ է գիտության բնագավառում Իրանի ունեցած արդյունքները, մի շարք ուղղություններով այն համաշխարհային առաջատարներից է։ Մենք ունենք համագործակցության շատ մեծ դաշտ»,- նշել է նախարարը։ Մոհամմադ Ֆարհադին նշել է, որ այս հուշագրի ստորագրումով ավելի կամրացվի ու կխորացվի համագործակցությունը, կիրականացվի դասախոսների, ուսանողների, ինչպես նաև փորձի փոխանակում ։ Կհատկացվեն կրթաթոշակներ կարճաժամկետ և երկարաժակետ հատվածներում։ Բուհերից բացի կհամագործակցեն նաև գիտատեխնոապարկերը։ Կստեղծվի նաև գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների համատեղ կոմիտե, որի հանդիպումները կանցկացվեն 2 տարին մեկ Հայաստանի Հանրապետությունում կամ Իրանի Իսլամական Հանրապետությունում: Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.