News

Սփյուռքահայ ուսուցիչները կվերապատրաստվեն Հայաստանում

Educational 2017-07-04

Մեկնարկել է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Միջոցառմանը ուսուցիչներին ողջունել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը՝ կարևորելով սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը մայր հայրենիքում: Սփյուռքահայ ուսուցիչներին ողջունել են նաև ՀՊՄՀ ռեկտոր Ռ. Միրզախանյանը, Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՊՄՀ-ի Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը և ՀՊՄՀ-ի Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը: Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիըը Հայաստանում գործում է 2000 թվականից: Այս տարի ծրագրին կմասնակցի 62 ուսուցիչ` 17 երկրից (ԱՄՆ, Արգենտինա, Ավստրալիա, Բուլղարիա, Իսպանիա, Իրան, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան, Հորդանան, Շվեդիա, Ռոսաստան, Սիրիա, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա): Ուսուցիչների մեծամասնությունը ԿԳ նախարարության այս ծրագրով վերապատրաստվում է առաջին անգամ: Նախատեսված է վերապատրաստում վեց ուսումնական խմբերում` մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի և գրականության դասավանդման, լրացուցիչ կրթության կազմակերպման ուղղություններով, ինչպես նաև փոքր խումբ` արտասահմանյան բուհերում հայերեն ուսումնասիրող ուսանողների համար: Մեծ թվով ուսուցիչներ գրանցվել են հայոց լեզվի և գրականության (16 հոգի), ինչպես նաև ավանդական մեկօրյա դպրոցների և տարրական ուսուցման (12 հոգի) խմբերում: Դասընթացների վերջում ուսուցիչներին տրվում են ՀՀ ԿԳ նախարարության և Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի վկայագրեր: ՀՀ կառավարությունը հոգում է ուսուցիչների մեկամսյա կեցության և ուսումնական ծրագրերի հետ կապված բոլոր ծախսերը: Ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները կամ համապատասխան ուսումնական հաստատությունները: Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.