News

Ոստիկանություն-դպրոց համագործակցության արդյունքների քննարկում

Educational 2017-06-29

Հանրապետության շուրջ 100 ավագ դպրոցներում աշխատում են 63 ոստիկանության տեսուչներ: Ոստիկանության տեսուչների ինստիտուտն ավագ դպրոցներում ներդրվել է 2010 թվականից ՀՀ կրթության և գիտության նախարարության և ոստիկանության համագործակցության շրջանակում: Հունիսի 28-ին տեղի է ունեցել ավագ դպրոցներում ոստիկանության տեսուչների ինստիտուտի ներդրման արդյունավետության վերաբերյալ աշխատանքային քննարկում ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության ներկայացուցիչների ու ավագ դպրոցների մի խումբ տնօրենների մասնակցությամբ: Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ներկայացրել է 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում դպրոցներում աշխատող տեսուչների իրականացրած աշխատանքների վիճակագրական տվյալները: ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշել է, որ ոստիկանի ներկայությունը դպրոցում նպաստում է ոստիկանի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, ինչպես դպրոցականների իրավագիտակցության բարձրացմանը՝ կարևորելով փոխադարձ վստահության ձևավորումը ոստիկանության տեսուչների, մանկավարժների և աշակերտների միջև: Նա նշել է նաև, որ ոստիկանի ինստիտուտի ներդրման առնչությամբ դպրոցներից ստացվող արձագանքները դրական են, ինչը նշանակում է, որ համագործակցությունը տվել է դրական արդյունք: ՀՀ ԿԳՆ և ոստիկանության համատեղ ջանքերով հրատարակվել է գործառնական մեթոդական ձեռնարկ, որը երաշխավորվել է Կրթության ազգային ինստիտուտի կողմից: Քննարկմանը մասնակից տնօրենները ներկայացրել են իրենց փորձն ու առաջարկները: Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.