News

ԿԳՆ և Ասիական զարգացման բանկ. համագործակցության ծրագրերի քննարկում

Educational 2017-06-13

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի, բանկի սոցիալական դեպարտամենտի տնօրեն Ռայ Հիրաոկայի և կրթության փորձագետ Ջոկո Սարվիի հետ: Հանդիպմանը քննարկվել են կրթության և գիտության ոլորտում Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության ծրագրերը, ինչպես նաև՝ տեխնիկական և աշխատանքային մի շարք հարցեր: Լևոն Մկրտչյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, մասնավորապես փորձագիտական օժանդակությունը Կրթության զարգացման պետական ծրագրի և դրանից բխող գործառնական ենթածրագրերի լրամշակման և հանրակրթության կառավարման համակարգի՝ դպրոցական, տարածքային և ազգային մակարդակներում բարելավման ուղղություններով: Նախարարն ընդգծել է ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման հեռանկարային ծրագրի կարևորությունը, որն այժմ քննարկումների փուլ է անցնում: Ասիական զարգացման բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը կարևորել է արդյունավետ քաղաքականության իրագործումն ու դրական արդյունքների ապահովումը և պատրաստակամություն հայտնել շարունակելու քննարկումները վերը նշված հեռանկարային ծրագրի աջակցության ուղղությամբ: «Հայաստանի կրթության համակարգն այժմ գտնվում է զարգացման կարևոր փուլում. տարիների ընթացքում եվրոպական կրթական չափանիշներով ներդրված ձևաչափը ժամանակին և ազգային ավանդույթներին համահունչ բովանդակային առաջընթացի և զարգացման անհրաժեշտություն ունի»,- նշել է Լևոն Մկրտչյանը: Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.