News

«Այցելություն թանգարաններ և տեսարժան վայրեր»

Featured 2017-06-12

«Այցելություն թանգարաններ եւ տեսարժան վայրեր» ծրագրի շրջանակում Հայաստանի և Արցախի Վ.Թեքեյանի անվան դպրոցների 75 աշակերտներ և նրանց ուղեկցող ուսուցիչներ այցելել են պատմամշակութային կենտրոններ` Երևան քաղաքի պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Զորաց քարեր /Քարահունջ/ և Շաքիի ջրվեժ: Պատմության թանգարանում Երևանի, Գյումրիի, Ստեփանավանի և Կարբիի թեքեյանցի աշակերտներն էքսկուրսավարների ուղեկցությամբ շրջել են թանգարանի ցուցասրահներում, դիտել հին Երևանի անիմացիոն մանրակերտը` լուսային էֆեկտներով: Այնուհետև նրանց համար կազմակերպվել է «Ճանաչիր Երևանը» գիտահանրամատչելի խաղ-էքսկուրսիան, որի ընթացքում երեխաները քաղաքի մասին կարևոր և հետաքրքրաշարժ տեղեկություններ են ստացել՝ ամրապնդելով ձեռք բերված գիտելիքները: Թանգարանի սրահներից մեկում երեխաները կատարել են «Էրեբունի-Երևան» երգը: Դպրոցականներն այցելել են նաև Հայաստանի ազգային պատկերասրահ, շրջել Հովհաննես Այվազովսկու և Մարտիրոս Սարյանի սրահներում, ծանոթացել մեծն վարպետների կյանքին, ստեղծագործական ուղուն և աշխատանքներին, ապա մասնակցել «Ճանաչենք մեր մեծերին» և «Տապանակիր լեռը» կրթական ինտերակտիվ ծրագրերին: Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն էլ աշակերտների համար կազմակերպել էր «Բացահայտում» խաղ-էքսկուրսիան: Արցախի՝ Բերձորի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի սաների համար էլ կազմակերպվել է էքսկուրսիա՝ ճանաչելու հայրենի հողը և ականատես լինելու Հայոց աշխարհի հրաշալիքներին: Երեխաներն այցելել են Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ գտնվող աշխարհի հնագույն աստղադիտարան հանդիսացող Զորաց քարեր /Քարահունջ/: Շրջելով պատմամշակութային արգելոցի տարածքում՝ նրանք ծանոթացել են հնավայրի պատմությանը և ճարտարապետական առանձնահատկություններին։ Այնուհետև այցելել են Շաքիի ջրվեժ. այն երեխաներին գերել է իր աննկարագրելի գեղեցկությամբ: «Այցելություն թանգարաններ և տեսարժան վայրեր» ծրագիրն իրականացվել է «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ: Ծրագրի շրջանակում աշակերտները փոխանակել են իրենց գիտելիքները, շփվել միմյանց հետ՝ կարևորելով էքսկուրսիայի ուսուցողական դերը: Երեխաները նշել են, որ վերադառնում են իրենց մարզեր՝ ձեռք բերելով նոր ընկերներ և իրենց հետ տանելով հաճելի հիշողություններ: Աղբյուրը՝ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.