News

Մշակվում է դպրոցների զարգացման համալիր ծրագիրը

Educational 2017-06-07

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է դպրոցների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համալիր զարգացման ծրագրին:

 

Մեկնաբանելով ուսուցիչների աշխատանքից զրկվելու մասին լուրերը՝ ԿԳ նախարարը նշել է, որ այս փուլում առաջնահերթությունը տրվում է քաղաքային դպրոցների հիմնախնդրին: Մասնավորապես Երևանում առկա է հետևյալ պատկերը՝ դպրոցների շուրջ 30 տոկոս թերբեռնված է, 30 տոկոսը՝ գերբեռնված:

 

«Պետք է մտածենք՝ ինչպես անել, որ կրթության որակը բարձրանա, քանի որ Երևանում ունենք անգամ երեք հերթով աշխատող դպրոցներ: Իսկ կրթական քաղաքականությունը հանգում է նրան, որ դպրոցը պետք է ակտիվ աշխատի մինչև ժամը 3-4-ը: Եթե մենք դպրոցների ծանրաբեռնվածության հավասարաչափ բաշխումը ճիշտ կազմակերպենք, չեմ կարծում, թե ուսուցիչների թվաքանակի շատ մեծ կրճատումներ ունենանք: Դիցուք, եթե Երևանում կա դպրոց, որտեղ 60-80 երեխա է սովորում և ոչ շատ մեծ հեռավորության վրա  կա մեկ այլ դպրոց ևս, որն ունի նորմալ ծանրաբեռնվածություն, ապա թերբեռնված դպրոցը միավորվում է մյուս դպրոցին: Բայց այս դեպքում  ուսուցիչների տեղափոխման հարցը ևս անպայման հաշվի է առնվում»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ ավելացնելով, որ այժմ մշակվում է դպրոցների զարգացման համալիր ծրագիրը, որտեղ կրթության որակի բարձրացման համատեքստում հատուկ կարևորություն է տրվում դպրոցների ծանրաբեռնվածության խնդրին:

 

«Ե՛վ գերբեռնված, և՛ թերբեռնված դպրոցները ունեն որակի խնդիր: Հասկանալի է, որ դպրոցն ունի անուն,  հանրային վարկանիշ, որն հաշվի առնելով ծնողն իր երեխային տանում է հատկապես այդ դպրոցը: Հնարավոր է, որ այդ կարգի գերբեռնված դպրոցներին մենք լրացուցիչ մասնաշենքեր տրամադրենք՝ նույն դպրոցի կազմում ներառելով նաև մոտակայքում տեղակայված թերբեռնված որևէ դպրոց: Օրինակ՝ մասնաշենքերից մեկը կծառայի որպես  կրտսեր դպրոց, մյուսը՝ միջին դպրոց»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ խոսքը բացառապես վերաբերում է քաղաքային դպրոցներին:

 

Քաղաքային համայնքներում հիմնական դպրոցների խնդիրների քննարկման ժամանակ հաշվի է առնվում տվյալ բնակավայրի և թաղամասի առանձնահատկությունները: «Օրինակ` Շորբուլաղում, որը առանձնացված թաղամաս է, անգամ քիչ աշակերտների դեպքում դպրոցը չի միավորվի»,-ասել է Լ. Մկրտչյանը: Նրա խոսքով՝ ավագ դպրոցների պարագայում արդյունավետ ծանրաբեռնվածություն է դիտվում մինչև 150 աշակերտի նվազագույն սահմանաչափը: 


Ըստ նախարարի՝ համալիր զարգացման և խոշորացման ծրագիր է նախատեսվում նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում: «Ժամանակին քոլեջները եվրոպական միության աջակցության ծրագրերով կարողացանք մասամբ փրկել: Իսկ ուսումնարանների մեծ մասն անմխիթար վիճակում է, և հիմա դիտարկում ենք դրանց խոշորացման հարցը: Այսինքն, եթե քոլեջի շենքային պայմանները 1000-1200 երեխայի համար են նախատեսված, բայց այնտեղ ընդամենը 200-300 երեխա է սովորում, պետք է մոտակայքում գտնվող ուսումնարանը միավորենք, որպեսզի և՛ քոլեջի շենքն արդյունավետ օգտագործվի և՛ ուսումնարանում սովորողների պայմանները բարելավվեն: Եթե մի քանիսը խոշորացնենք քոլեջների կազմում, սովորողները կկարողանան թե՛ արհեստագործական կրթություն ստանալ, թե՛ միջին մասնագիտական: Աշխարհի բոլոր երկրներում դրանք համատեղ համալիրներ են»,- նշել է ԿԳ նախարարը:

 

Նա տեղեկացրել է նաև, որ Եվրամիության հետ այժմ քննարկվում է գյուղատնտեսական մասնագիտությունների ուղղությամբ քոլեջների զարգացման ծրագիրը: ԵՄ-ն պատրաստ է  ֆինանսական աջակցություն տրամադել:
Ըստ Լևոն Մկրտչյանի՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների խոշորացման առաջին փուլում կմիավորվեն շատ ակնառու դեպքերը, իսկ հետագայում քննարկվելու է ֆինանսական ներդրումների հարցը:

 

Աղբյուրը՝ Edu.am

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.