News

Հանդիպում Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի 25-ամյակի շրջանակում

Educational 2017-06-05

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի (ԽԿ) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շիլա Քրաուլիին, հայաստանյան գրասենյակի տնօրեն Չարլզ Էնսիսոնին և կազմակերպության այլ ներկայացուցիչների:

 

Հանդիպմանը Լևոն Մկրտչյանը կարևորել է այն հանգամանքը, որ ԽԿ-ի կամավորներն արդեն 25 տարի է, ինչ իրենց օրինակով Հայաստանում նպաստում են կամավորականության սկզբունքների տարածմանը: «Շատ կարևոր է, որպեսզի պետականություն ձևավորող մեր ժողովուրդը գնահատի կամավորականության սկզբունքը և այս առումով խիստ անհրաժեշտ է, որ դուք ձեր փորձը կիսեք այդ ճանապարհը բռնած մեր երկրի այլ կազմակերպությունների հետ»,-նշել է Լևոն Մկրտչյանը և ընդգծել, որ կրթության համակարգում հստակ գործնական արդյունքներ է արձանագրել Խաղաղության կորպուսի անգլերեն լեզվի դասավանդման ծրագիրը: Նախարարը նշել է նաև, որ ներկայում մշակվում է օտար լեզուների դասավանդման հայեցակարգը, որի համար օգտակար է եղել ԽԿ-ի անգլերեն լեզվի դասավանդման մեթոդաբանությունը:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ Խաղաղության կորպուսի (ԽԿ) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շիլա Քրաուլին նշել է, որ Հայաստան է ժամանել Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի 25-ամյակի արարողություններին  մասնակցելու նպատակով և շատ տպավորված է Հայաստանով ու հայ ժողովրդով:

 

Ըստ նրա՝ Հայաստանն այն եզակի երկրներից է, որ ԽԿ-ի կամավորները ոչ միայն սիրով են գալիս, այլ երկու տարվա ծառայությունից հետո նույնիսկ դիմում են ժամկետը երկարացնելու խնդրանքով: Շիլա Քրաուլին բարձր է գնահատել ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ այն շարունակական բնույթ կկրի:

 

Աղբյուրը՝ Edu.am

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.