News

«Նոր անուններ». մեկնարկել է պատանի երաժիշտ-կատարողների 7-րդ միջազգային փառատոնը

Featured 2017-06-02

Ս.թ. հունիսի 2-5-ը Երևանում կանցկացվի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 7-րդ միջազգային փառատոնը, որին կմասնակցեն Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Ավստրիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Պարսկաստանի շուրջ 5 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ: Ըստ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի՝ «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնն այն լավագույն հարթակներից է, որի շնորհիվ հնարավոր է հայտնաբերել, ճանաչել, այնուհետև` աջակցել և նպաստել շնորհալի երեխաների մասնագիտական առաջխաղացմանը: «Նախարարության և նախարարի անունից ողջունում եմ փառատոնին մասնակից բոլոր երեխաներին, ինչպես նաև նրանց մանկավարժներին, որոնց նվիրվածության շնորհիվ մեր երեխաները տարբեր հեղինակավոր մրցույթներում մշտապես արժանանում են մրցանակների»,- նշել է Ա. Պողոսյանը: «Այս տարի փառատոնի հյուրեկ երաժիշտների մեծ մասը շնորհաշատ հայազգի պատանիներն են, ովքեր մեծանում են հայրենիքից հեռու, սակայն փառատոնի շնորհիվ կապվում են իրենց արմատներին, հայրենի երկրին ու նրա մշակույթին։ Փառատոնի մասնակիցների համար կկազմակերպվեն մշակութային բազմազան ծրագրեր: Պատանիները մոտիկից կծանոթանան Հայաստանին. կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գառնի, Գեղարդ, ինչպես նաև մայրաքաղաքի տեսարժան վայրեր»,- նշել է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Սիլվա Մեքինյանը: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 2-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հունիսի 3-ին և 4-ին՝ ժամը 18:00-ին, նույն համերգասրահում երևանյան հանդիսատեսը կունկնդրի պատանի երաժիշտների կատարումները։ Փառատոնի հանդիսավոր փակումը և պատանի մենակատարների ելույթը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տեղի կունենա հունիսի 5-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Աղբյուրը՝ Mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.