News

Դպրոցներում կկիրառվեն նորարարական մեթոդներ

Educational 2017-05-30

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ կարևորելով ՀՀ հանրակրթության բնագավառում նորարարական կրթական տեխնոլոգիաների կիրառմամբ որակյալ կրթության ապահովումը:

 

Հուշագրի շրջանակում կողմերը համատեղ կիրականացնեն ՀՀ-ում ուսուցման կոլեկտիվ եղանակի կայացման ու տարածման գործընթացը: Հուշագրի համաձայն` կողմերը կհամագործակցեն կադրերի վերապատրաստման, կոնֆերանսների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպման, համապատասխան նյութերի, մեթոդական ձեռնարկների, աշխատությունների, մշակման և հրատարակման, համատեղ աշխատանքային խմբերի ձևավորման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման և լուծման, ինչպես նաև մասնագիտական և կազմակերպչական բնույթի այլ ուղղություններով: 

 

ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հուշագրի միջոցով փորձելու են «Մանկավարժական նախաձեռնություն» ասոցիացիայի` հանրակրթական համակարգում տարիներ շարունակ իրականացվող ծրագրերը դարձնել հանրային սեփականության առարկա:

 

«Մանկավարժական նախաձեռնություն» ասոցիացիայի նախագահ Արա Իսպիրյանն իր հերթին նշել է, որ իրենց նպատակն է ՀՀ-ում նպաստել նոր կրթական իրողության կայացմանը, այսինքն` նորարարական նախաձեռնություններով հանդես գալ, որը որոշակի խնդիրներ կլուծի կրթական ոլորտում: «Ուսուցման կոլեկտիվ եղանակի գաղափարախոսության հիմքում ընկած են ընդհանուր ճակատի բացակայության և յուրաքանչյուր երեխայի համար անհատական ուսումնական ծրագիր իրականացնելու հնարավորությունը: Մենք ունենք բազմակազմ դասարաններ, որտեղ տարբեր դասարանների ներկայացուցիչներ հավաքված են մեկ լսարանում: Աշակերտներն ուսումնասիրում են տարբեր ուսումնական նյութեր, իսկ ուսումնասիրության հնարավորությունը հենց մեր նորարարական նյութերն են տալիս»,-նշել է նա: 

 

Արդյունավետ և որակյալ ուսուցում կազմակերպելու համար «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան կաջակցի փոքրաթիվ աշակերտական թվաքանակ և բազմահամակազմ դասարաններ ունեցող դպրոցներում ուսուցման կազմակերպման նոր, տվյալ դպրոցների հնարավորություններին համապատասխան տեխնոլոգիաներ ներդնելուն:

 

Հանդիպմանը ներկա, հիմնականում փոքրաթիվ աշակերտական կազմ ունեցող և փորձնական ծրագրում ընդգրկված դպրոցների տնօրենները կիսվել են իրենց ուսհաստատությունների փորձով: 

 

Աղբյուրը՝ Edu.am

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.