News

Ստորագրվել է հուշագիր Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև

Educational 2017-05-18

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և նախարարի տեղակալների հետ:

 

Հանդիպմանը քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղիները: Ստորագրվել է նաև հուշագիր, որի համաձայն՝ կողմերը պարտավորվում են զարգացնել անմիջական համագործակցություն երկու երկրների բարձրագույն կրթական, գիտական և հետազոտական հաստատությունների միջև, խթանել կրթական համակարգերի կառուցվածքի, բովանադակության և կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումը՝ համագործակցությունը բարելավելու նպատակով:

 

Ըստ համաձայնագրի` կողմերը հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության, գիտության և հետազոտության ոլորտներում կստեղծեն աշխատանքային խմբեր: Նախատեսվում է փոխադարձ հիմունքներով տրամադրել բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական աստիճանի առավելագույնը 10 կրթաթոշակ:

 

Վրացական կողմը պարտավորվում է Հայաստանի քաղաքացիներին ազատել Վրաստանի պետական բարձրագույն կրթական հաստատություններում ուսման վճարից, եթե այն չի գերազանցում 2250 վրացական դրամական միավորը: Հայկական կողմը պարտավորվում է Վրաստանի քաղաքացիներին ազատել Հայաստանի պետական բարձրագույն կրթական հաստատություններում  ուսման վճարից, եթե վերջինս չի գերազանցում 1.000.000 դրամը:

 

Երկու կողմերից առաջադրված ուսանողները պարտավորվում են հավաստել դասավանդման լեզուների որոշակի մասնագիտացման մակարդակ (անգլերեն և ռուսերեն), հակառակ դեպքում` ուսանողները պարտավորվում են հանձնել որոշ ներքին քննություններ՝ կազմակերպված տվյալ բարձրագույն կրթական հաստատության կողմից:

 

Վրաստանի ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարան, ծանոթացել հին ձեռագրերին, եղել Մ. Սեբաստացի կրթահամալիրում և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

 

Աղբյուրը՝ Edu.am

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.