News

Միջոցառում՝ նվիրված կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանի ծննդյան տարեդարձին

Educational 2017-05-16

Հայն ուր լինի, ՈՒր էլ ընկնի, Լինի հյուրը արեգակի, Արևն անգամ հայով տարված՝ Պիտի բացվի հայավարի: Ահա այս գեղեցիկ խոսքերով սկսվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում 2017թ.-ի մայիսի 5-ին կայացած միջոցառումը՝ նվիրված մեծանուն կինոռեժիսոր, գունավոր կինոյի հիմնադիր, համաշխարհային կինոյի հայազգի նորարար, արվեստագետ Ռուբեն Մամուլյանի ծննդյան 120-ամյակին՝ «Մեծ նորարարը» խորագրով: Միջոցառմանը ներկա էին տնօրինությունը, հյուրեր, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ: Միջոցառումը մեկնարկվեց ռեժիսորին նվիրված տեսաֆիլմով, որի ընրացքում աշակերտները կարևոր բացահայտումներ կատարեցին Ռուբեն Մամուլյանի կյանքի, ստեղծագործական գործունեության դժվարին ճանապարհի ու ձեռքբերումների մասին, կատարած նորարարության կադրից դուրս խոսքի և գունային համակարգի մասին : «Նա իսկական արվեստագետ էր, քանի որ ցերեկն աստղերն էր տեսնում, գիշերը՝ արևը…»: Մամուլյանական խորիմաստ մտքեր, հուշագիրների խոսքեր, արտահայտիչ ու սահուն խոսք, հուզիչ ասմունք, բեմական ներկայացում, երգերի գեղեցիկ կատարումներ (դուդուկ, ջութակ), շարականներ, պար… այս ամենն ամբողջացրեց միջոցառումը: Դաստիարակչական էր հայ համայնքի կողմից ճանաչված ու փառաբանված Ռուբեն Մամուլյանի և նրա ծնողների պատվին կազմակերպված շքեղ ճաշկերույթի ավարտին ռեժիսորի մոր շնորհակալական խոսքը. «Սիրելինե՛րս, սիրելի՛ ազգակիցներ, կփափագիմ, որ բոլոր հայ մայրերն իրենց զավակներուն ներշնչեն հայրենասիրական զգացումներ: Իսկ դուք՝ սիրելի՛ պարմանիներ և օրիորդներ, որտեղ էլ որ լինեք, ինչ բարձր դիրքի ու պատվի էլ արժանանաք, չթաքցնեք ձեր հայ լինելը:Հպարտացե՛ք և հպա՛րտ եղեք, սիրեցե՛ք ձեր ազգը և բարձր պահեք նրա պատիվը»: Մեծանուն կինոռեժիսորի ոդիսականը տևեց 90 տարի: Բայց այն վիթխարի կինոարարումը, որի հեղինակը Մամուլյանն էր, զարմացնելու և հիշեցնելու է աշխարհ մտած յուրաքանչյուր սերնդի: Բովանդակալից միջոցառումը փոքրիկ մասն էր տաղանդավոր հայի եզակի ավանդի մասին: Դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը մասնակիցներին և կազմակերպիչներին երախտագիտություն հայտնեց ինքնատիպ և ուսանելի միջոցառման համար, որն առանձնացավ արժանապատիվ հայ լինելու և նրանով հիանալու ու հպարտանալու բոլոր ձգտումներով: Ներկաները ջերմությամբ հեռացան ՝ հիացած՝ աշակերտների տպավորիչ ու անկեղծ խոսքով: Ջ. Դանիելյան Հայոց լեզվի, գրականության և գրաբարի առարկայական մեթոդական միավորման նախագահ

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.