News

Մեծ ավետիս… Վարդենիսյան մի ընտանիքում ևս վառվեց Տիրոջ լույսը…

Educational 2017-05-11

Սուրբ Հարության տոնին Քրիստոսի սուրբ անունով մկրտվեցին «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի՝ Էդ. Պողոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի» ՊՈԱԿ-ի աշակերտները՝ Կարեն, Արմեն և Արման Սաղաթելյան եղբայրները: Մկրտության արարողությունը, որ նախաձեռնել էր ԶՈւ հոգևոր առաջնորդությունը, կատարվեց Սուրբ Դադիվանքի վանական համալիրում` ձեռամբ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանի: «Եկե՜ք ինձ մոտ, բոլոր հոգնածնե՜րդ ու բեռնավորվածնե՜րդ, և ես ձեզ հանգիստ կտամ… Ես եկա, որ կյանք ունենաք և առավե՛լ ունենաք…» ,- ասում է Քրիստոս: Եվ, հիրավի, սոցիալապես անապահով այս ընտանիքը, որի երիտասարդ հայրը երեք տարի առաջ էր մահացել, չորս զավակների խնամքը թողնելով կնոջ՝ տիկին Ժենյայի փխրուն ուսերին, շատ ու շատ ուներ Աստվածային լույսի իմացության, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի սիրո ու մխիթարության կարիքը: Եվ ահա չուշացավ բերկրանքի պահը. N զորամասի հոգևոր սպասավոր Հրաչ սարկավագ Ղազարյանը և փոխգնդապետ Նորիկ Բարսեղյանը (կնքահայրը) մեծ սիրով և խանդավառությամբ հովանավորեցին երեխաներին՝ նրանց մկրտությունը երջանիկ իրողություն դարձնելու համար: Հատկանշական է, որ Տիրոջ փառահեղ Հարության տոնի հիշատակի օրը պատահական չէր ընտրվել, քանի որ այդ օրը պետք է մկրտվեին նաև շուրջ երեք տասնյակ զինվորներ: Սա կարևորվում է նրանով, որ մեր բանակն ու զինվորները միշտ էլ պատրաստ են գնահատել հոգևոր ու ազգային արժեքներն ու դրանց ընդառաջ գնալով, իրապես վստահելով մեր ազգի հավատամքին, նրա` հինավուր՜ց հավատավոր սկզբունքներն, հասնել Տերունական սքանչելի հարության օրհնությանը և օրհնության այդ լույսը վառել թե՛ իրենց անձերում, և թե՛ իրենց ընտանիքներում: «Սրբությունը կատարելագործե՛ք Տիրոջ երկյուղով»,-ասվում է Աստվածաշնչում: Ուրեմն թո՛ղ «Անմերձենալի լույսերի մեջ բնակվող Աստծո» սրբությունը հաստատվի բոլոր մկրտված քրիստոնյաների սրտերում և դառնալով սկիզբ՝ դառնա նաև օրհնյալ ընթացքի հաստատուն շարունակություն մինչև մեր Փրկչի փառավոր երկրորդ գալուստը: «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Էդ . Պողոսյանի անվան N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նոնա Վարդանյան

Գեղարքունիք, ք. Վարդենիսի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.