News

Dasaran-ում մեկնարկեց «Գնացք 12» նոր նախագիծը

Featured 2017-05-10

Այսօր Dasaran կրթական կենտրոնում տրվեց «Գնացք 12» դասընթաց-վերապատրաստման մեկնարկը, որի նպատակն է հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչներին փոխանցել իրենց մասնագիտական ներուժի և հմտությունների՝ արդիական կրթաձևերին համապատասխան կիրառման մեխանիզմներ:

Մեկնարկային խմբում ընդգրկված Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67, Սմբատ Բյուրատի անվան թիվ 125, Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 և Երևանի թիվ 200 հիմնական, ինչպես նաև Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցները ներկայացնող ուսուցիչների համար Dasaran-ում կազմակերպվեց ճանաչողական շրջայց, ներկայացվեց կրթական ծրագրի ներկա ընթացքն ու զարգացման տեսլականը:

Ուսուցման 12 տարիները խորհրդանշող եռօրյա դասընթաց-վերապատրաստման շրջանակում մանկավարժները մասնագիտական ուղղորդմամբ անդրադարձան աշակերտների տարիքային առանձնահատկություններին, ճգնաժամերին, ուսուցման գործընթացում դրանց արտահայտման ձևերին և աշակերտների «վատ» վարքի հետ հարաբերություններ կառուցելու համար գործնական և կիրառելի մեթոդներին:

«Գնացք 12» դասընթաց-վերապատրաստման շրջանակում մասնակից ուսուցիչները մասնագետի օգնությամբ անդրադառնալու են նաև դասավանդման ընթացում իրենց անձնային հատկանիշների դրսևորմանը, իրենց ստանձնած դերին, ընտրած դաստիարակության ոճերին և գործնականում դրանց կիրառման արդյունավետությանը: Անդրադարձ է կատարվելու նաև ուսուցման ընթացքում ծագած կոնֆլիկտային իրավիճակների և դրանից բխող սթրեսների հաղթահարման կիրառելի մեթոդներին:

Ըստ որում՝ Dasaran կրթական ծրագրի կողմից մշակված «Գնացք 12» արդիական կրթաձևերի դասընթաց-վերապատրաստումն անցած ուսուցիչներին տրվելու են մասնակցության հավաստագրեր:

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.