News

Նրանք ապրել էին ուզում…

Educational 2017-05-06

Ասում են՝ միլիոնավոր տարիներ առաջ նախ ստեղծվեց երկիրն ու երկինքը, հողն ու ջուրը և միայն դրանից հետո լույս աշխարհ եկավ մարդը: Նա ծնվեց ապրելու, արարելու, ստեղծելու, եղածը ավելացնելու և շատացնելու համար: Նրանք ապրել էին ուզում… Գարուն էր, ծաղկավառ ու գունեղ գարուն: Ձմեռային երկարատև նինջից հետո օդը ներծծված էր գարնան տաք շնչով ու բույրով: Եվ նրանց՝ քաջերի նոր սերնդին էր վստահված հայրենիքը պաշտպանելու վեհ ու սրբազան կոչումը: Սկզբունքային կեցվածքով հայրենի եզերքն էին վերահսկում մեր արծիվները: Եվ ահա ցնցվեց օդը պայթյունների համազարկից: Առաջին պահին նրանք չընկալեցին կատարվածը և ոգու թելադրանքով մղվեցին մարտի: Նրանք ոգեշնչված և ոգեկոչված մարտի ելան միայն ու միայն թշնամուն հաղթելու նպատակադրմամբ: Բայց… Նրանք ապրել էին ուզում, քանզի ուզում էին անել անհնարինը, որ բարգավաճ անդաստան դառնա մեր հայրենիքը, Հայաստան աշխարհը, բոլոր հայերի բնօրրանը: Նրանք ապրել էին ուզում… Քանզի երազում էին, որ ծնված հայ նորամանուկին տեսնեն ուրախ, խանդավառ, երջանիկ, կիրթ և ուսյալ: Նրանք ապրել էին ուզում… Քանզի երազում էին անել անհնարինը, որ խաղաղ ու երջանիկ վայելեն իրենց ծերությունը մեր մամիկները, մեր նաներն ու պապիկները: Նրանք ապրել էին ուզում… Որ շենացնեն ու վեհացնեն մեր երկիրը քարքարոտ, որ նոր բարձրունքներ նվաճեն, որ սլանա նրանց միտքը տիեզերքից էլ այն կողմ: Նրանք ապրել էին ուզում… Եվ այնպես-այնպես էին ուզում, որ նրանց ոտքերի տակ դղրդա հողը հայրենի, որ երկնքի կապույտ երիզը ձգվի դեպի անվերջություն, դեպի անհայտը՝ ավետելով այն բարի լուրը, որ ազատ ու խաղաղ է մեր հայրենի եզերքը, որ թշնամին ահաբեկված ու վախը սրտում՝ փախուստի է դիմել: Եվ այսօր Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմն. դպրոցի սաները՝ մեծից փոքր, ուսուցիչները այցելել են նրանց՝ ևս մեկ անգամ հիշելու և խոնարհվելու… Նաև դատապարտելու այն, ինչը 1915թիվ է կոչվում. Եղեռն ու ցեղասպանություն: Ու նաև … Նաև լռությամբ, անխոս ասելու. գիտենք, դուք ապրել էիք ուզում… Նաև ուզում էին ասել. դուք չկաք, բայց ապրում եք մեզնից յուրաքանչյուրի գիտակցության մեջ, յուրաքանչյուրի հոգում, սրտում: Նրանք ապրել էին ուզում… Անհնար է չհասկանալ նրանց, այդպիսին էր լռության կանչը: Մ. Գրիգորյան Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի տարրական մասնախմբի ղեկավար

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.