News

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԴՊՐՈՑՈՒՄ

Educational 2017-05-05

Արդեն երեք տարի է, ինչ Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում իրականացվում է ներառական կրթություն ծրագիրը: Ներառական կրթությունը կրթության կազմակերպման մի ձև է, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները ուսուցանվում են իրենց հասակակիցների հետ համատեղ հանրակրթական դպրոցում: Ներառական կրթության քաղաքականության հիմքում երեխայակենտրոն մանկավարժությունն է: Մեթոդի էությունը յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքների գնահատումն է և կրթության պրոցեսին երեխայի ակտիվ մասնակցության խրախուսումը: Մեթոդի կարևոր բաղկացուցիչ մաս է կազմում բազմամասնագիտական թիմի ստեղծումը: Մեր դպրոցը նույնպես ունի բազմամասնագիտական թիմ՝ հոգեբան, hատուկ մանկավարժ, լոգոպեդ, սոցիալական մանկավարժ: Բազմամասնագիտական թիմի յուրաքանչյուր մասնագետ անհատական աշխատանքներ է տանում յուրաքանչյուր աշակերտի հետ: Որպես հատուկ մանկավարժ և լոգոպեդ՝ բացահայտում է ԿԱՊԿՈւ աշակերտների թույլ և ուժեղ կողմերը և լոգոպադ աշակերտներին: Անցկացնում է զրույցներ ծնողների և դասավանդվող ուսուցիչների հետ, քննարկելով յուրաքանչյուր ԿԱՊԿՈւ աշակերտի կարիքը, կրթական ծրագիրը և զարգացման առանձնահատկությունները: Կատարում է անհատական և խմբային աշխատանքներ՝ ելնելով երեխաների կարիքներից: Որպես հոգեբան՝ կրթական գործընթացի բոլոր մասնակիցներին ուսումնական և դաստիարակչական գործունեության ընթացքում նրանց հոգեկան առողջությունը պահպանելու և ապահովելու նպատակով հոգեբանական աջակցություն է ցուցաբերում: Որպես սոցիալական մանկավարժ՝ աջակցություն է ցուցաբերում երեխային և նրա ընտանիքին, կրթական գործընթացի բոլոր մասնակիցների սոցիալական հարմարման, ինտեգրման և շրջապատի հետ հաղորդակցման դժվարությունների կանխարգելման և հաղթահարման աշխատանքներ է իրականացնում: Այսպիսով` մեթոդը հնարավորություն է տալիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կրթությունը կազմակերպել հասակակիցների հետ, համատեղ հանրակրթական դասարանում` անհատական պլանով, իսկ անհրաժեշտության դեպքում` հատուկ ծրագրով: Ինչպես գիտենք ներառական կրթության իրականացումը կապված է մի շարք դժվարությունների հետ: Անհրաժեշտ է ոչ միայն հասարակության մտածողության վերափոխում, այլև հանրակրթական դպրոցներում որոշակի պայմանների ստեղծում: Երեխաների առօրյան գեղեցիկ և արդյունավետ անցկացնելու համար մեր դպրոցը կարողացել է ստեղծել հարմարավետ պայմաններ ԿԱՊԿՈւ աշակերտների համար, որի շնորհիվ երեխաները փոքրիկ ժամանակահատվածում կարողանում են լիցքաթափվել, ձեռք բերել կարողություններ և հմտություններ: Աշխատանքները համապատասխան մասնագետների կողմից տարվում են անհատական՝ ելնելով աշակերտի կարիքից: Մ.Մկրտչյան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.