News

Մեկնարկել է նոր կրթական ծրագիր

Educational 2017-04-27

Ապրիլի 26-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ազդարարվել է «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» նոր ծրագրի (ՄՀԶ ՄԿՈՒ) մեկնարկը, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից:

 

Ասուլիսին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՄՀԶ ՄԿՈՒ ՀԿ ծրագրի տնօրեն Կատյա Կամերերը, ՄՀԶ ՄԿՈՒ ՀԿ հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ՓՄՁ աջակցության և զարգացման վարչության պետի տեղակալ Գայանե Գևորգյանը:

 

Մանուկ Մկրտչյանը նշել է, որ ծրագրի էությունը կայանում է նրանում, որ միջին մասնագիտական կրթության ոլորտի մասնագետների պատրաստումն իրականացվի միաժամանակ թե՛ ուսումնական հաստատությունում, թե՛ որևէ արտադրությունում: Այսպիսով՝ ուսանողը հնարավորություն կունենա, օրինակ, շաբաթական 3 օր սովորել, իսկ մյուս երկու օրը՝ աշխատել: Միջազգային կառույցների հետ համագործակցության արդյունքներից մեկն այն է, որ  վերոնշյալ համակարգի ներդրման նպատակով մի խումբ մասնագետներ վերապատրաստում են անցել Գերմանիայում՝  համապատասխան ծրագրի շրջանակում:

 

ՄՀԶ ՄԿՈՒ ՀԿ հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն նշել է, որ ծրագրի նպատակն է մասնավոր սեկտորի ներառումը մասնագիտական կրթության ոլորտում, ինչպես նաև զբաղվածության խթանումը, հատկապես մարզերում: «ՄՀԶ ՄԿՈՒ ծրագիրը Հայաստանում աջակցելու է «կանաչ» և ընդգրկուն զարգացմանը հետևյալ ոլորտներում՝ զբոսաշրջություն, գինեգործություն և ճշգրիտ ճարտարագիտություն/ՏՏ: Նա ընդգծել է, որ  նախորդ ծրագիրն իրականացնելիս Գեղարքունիքի մարզում նախապատրաստել են 30 զբոսավարի, ովքեր միջազգային հավաստագրեր են ստացել:

 

«Ուրախ ենք շարունակել արդյունավետ համագործակցությունը մեր հայաստանյան և տարածաշրջանային գործընկերների հետ մոտակա երեք տարում: Մեր նպատակն է աջակցել կայուն զարգացման նախապայմանների բարելավմանը ընտրված արժեշղթաներում՝ զբաղվածությունը խթանելու նպատակով»,- նշել է ՄՀԶ ՄԿՈՒ ՀԿ ծրագրի տնօրեն Կատյա Կամերերը:

 

ԿԳՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի խոսքով` նոր ծրագիրը նախորդների տրամաբանական շարունակությունն է, իսկ այս ծրագրի նորությունը դուալ կրթական համակարգի ներդրումն է` աշխատանքի վրա հիմնված ուսուցումը:

 

Աղբյուրը՝ Edu.am

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.