News

Ուսուցումն առավել արդյունավետ է, երբ ուրախություն է պատճառում: (Պ. Կլայն)

Educational 2017-04-27

Մեր VII բ դասարանի համար այս ճշմարտությունը փորձված է քանիցս: Հերթական արտադասարանական ուսուցումը. այս անգամ՝ «Ճանաչենք, որ սիրենք կամ մեր մշակութային ժառանգությունը» բացօթյա դասերի շրջանակում: Ուսուցման վայրը՝ Երերույքի տաճար: Միայն առաջին հայացքից «շիկավուն» գեղեցկուհին կիսավեր ու անխոս թվաց: Իսկ հետո... շունչ առավ ու մի քիչ պատմեց իր մասին: Ախր ինքը մեկուկես հազարամյակ կանգնած է նայում արևի լույսին, էլի՞ չհոգներ: Ի՜նչ փառավոր անցյալ պիտի ունեցած լինի, եթե անգամ ծերացած ու մաշված, բայց այսքան հմայիչ է: Հյուրընկալ էր Երերույքը, բայց ոչ շատախոս, ոչ գանգատավոր: Չի պատմում, թե ինչ է անցել գլխով, չի խոսում իր փեշերին հավերժ ննջողների մասին: Ի՞նչ գաղտնիքների մասին են լռում քարանձավները, ու՞մ աղոթքների մրմունջներն են իրենց տակ թաղել ծանր սյուները: Չի պատմում անգամ, թե ո՞ր դարում են իր ճակատին փորագրություն արել: Բայց ա՛յ, մեր փոքրիկների աչքը տարբերում է փորագրությունը խազմզոցներց, որոնք անուններ են հոդում, ու դարերի պատմություն չունեն, այլ տարիների, ամիսների: Հայ հերոստրատոսների անուններ, որոնք հավակնում են «ապրել» ... որքան կանգուն կմնա Շիրակ աշխարհի վսեմաշուք տիրուհին... Մեր մանուկների աղոթքը՝ ի հիշատակ Եղեռնի զոհերի, տաճարի գաղտնալուռ խորանը ևս թաք կտա իր հիշողության խորքերում, իսկ երեխաները՝ ակնածանքն աչքերում, իրենց մտքի ամբարում կպահեն վեհատեսիլ տաճարի հյուրամեծարությունը, բայց նաև այն պահպանելու հրամայականը: Վերադարձին կանգ առանք Ջրափիի Ս. Աստվածածին եկեղեցու տարածքում՝ ուղիղ քարավանատան պատի տակ: Փոքր-ինչ հանգստացանք, ապա անցանք օրվա երկրորդ բացօթյա դասին: Առարկան՝ «Ընդհանուր գիտելիքներ», թեման՝ «Հին հունական թատրոնը և հունական հնավայր Ակրոպոլիսը»: Հետո Մանուշակի շուրթերից հնչեց Կոմիտաս, ապա՝ մի քիչ ասմունք, հայրենասիրական երգեր... ու զանգի ձայնը...

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.