News

Հանդիպում միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի անդամների հետ

Educational 2017-04-25

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի նախագահ Յուրի Շամիլովին և ասոցիացիայի նախագահության անդամներ Նատալյա Բաբինովային և Երևանի Ա. Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանին:

 

Նախարարը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ Հայաստանի հանրակրթական համակարգի զարգացումը մեր պետության գերակայություններից է և այս իմաստով հատկապես ավագ դպրոցների կայացմանն աջակցելու առումով միջազգային բակալավրիատի ծրագիրը կարող է օգտակար լինել:

 

Նախարարն անդրադրձել է ՀՀ-ում գործող միջազգային բակալավրիատի ծրագրով աշխատող դպրոցների գործունեությանը՝ ընդգծելով, որ պետական քաղաքականության տեսանկյունից նպատակային է դիտվում, որպեսզի այդ կարգի գերազանցության կենտրոնները նպաստեն ընդհանուր հանրակրթության որակի  բարձրացմանը: 


Նախարարի խոսքով՝ Հայաստանը փորձում է զարկ տալ գերազանցության կենտրոնների զարգացմանը, ինչպես նաև կրթական համակարգ ներմուծել բացառիկ ծրագրեր, ինչպիսին օրինակ՝ իր տեսակի մեջ եզակի արտադպրոցական կրթություն իրականացնող Թումո կենտրոնի ստեղծումն է:

 

Հյուրերը շնորհակալություն են հայտնել նախարարին հանդիպման համար՝  ընդգծելով, որ միջազգային բակալավրիատի ներդրման հայկական փորձն արդյունավետ և ուսանելի է: Նրանք ներկայացրել են ԱՊՀ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության փորձն այս ասպարեզում:

 

Հանդիպման  ընթացքում անդրադարձ է եղել նաև միջազգային բակալավրիատի կրթական ծրագրի ընդլայնման և զարգացման համաշխարհային միտումներին: Նշենք նաև, որ Երևանում ընթանում է ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի 11-րդ ամենամյա համաժողովը, որին մասնակցում են  մի շարք երկրների 250 պատվիրակներ:  

 

Աղբյուրը՝ Edu.am

 

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.