News

Ձեռնարկատիրական կրթությունը դպրոցներում

Educational 2017-04-19

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր` ՀՀ հանրակրթական դպրոցներում ձեռնարկատիրական կրթության ներդրման և զարգացման վերաբերյալ:

 

Հուշագրի համաձայն ` կողմերը համաձայնել են հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնել ձեռնարկատիրական կրթություն՝ 4 տարի տևողությամբ (2017-2020թթ.). տարրական դպրոցի 2-4 և հիմնական դպրոցի 5-7 դասարաններում՝ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ՝ որպես ինտեգրվող բաղադրիչ, ավագ դպրոցի 10-րդ դասարանում՝ որպես տեսական, 11-րդ դասարանում՝ որպես գործնական բաղադրիչներ:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարտավորվում է մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել ձեռնարկատիրական կրթության հայեցակարգը, մշակել և հաստատել առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, երաշխավորել ձեռնարկատիրական կրթության ներդրմանն աջակցող ուսումնական նյութերը և ձեռնարկները, օժանդակել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը՝ ուսուցիչների հավաքագրման և վերապատրաստման կենտրոնների ընտրելու հարցում:

 

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը պարտավորվում է աջակցել ձեռնարկատիրական կրթության հայեցակարգի մշակմանը, մշակել ձեռնարկատիրական կրթության ներդրմանն աջակցող ուսումնական նյութերը և ձեռնարկները, աջակցել առարկայական չափորոշիչների  ու ծրագրերի մշակմանը:

 

«Եթե ծրագիրը հաջողի, դպրոցներում կունենանք բիզնես մտածողություն և սոցիալական պատասխանատվություն կրող աշակերտներ: Երբ երեխան ստանա իր առաջին 100 դրամը, պետք է իմանա` ինչպես այն ծախսել, և շատ կարևոր է, որ մենք երեխային հասկացնենք` դրամը միջոց է, ոչ թե նպատակ: Երեխան պետք է սովորի, որ ապագայում իր ստացած գումարը օգտագործի ոչ միայն սեփական, այլ նաև հանրային օգտակարության համար: Առհասարակ,  սկսած փոքր տարիքից` երեխայի մեջ պետք է ճիշտ վերաբերմունք դաստիարակվի դրամի, կապիտալի, ձեռնարկատիրության նկատմամբ»,- նշել է ԿԳ նախարարը:

 

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԿԳ նախարարությանը` ընդգծելով, որ սա կարող է դառնալ պետական կառույց-հասարակական կազմակերպություն համագործակցության լավագույն օրինակ:

 

Աղբյուրը՝ Edu.am

 

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.