News

Սկսվեց միասնական քննությունների երկրորդ փուլը

Educational 2013-06-26

Ամփոփվել են ֆիզիկա, քիմիա և հայոց պատմություն առարկաներից միասնական քննությունների արդյունքները: Ֆիզիկայի քննությանը ներկա է եղել 2377 դիմորդ, անբավարար ստացել է դիմորդների 22%-ը: Գնահատման և թեստավորման կենտրոնի Արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի խոսքով` միջին միավորը 11,1 է, իսկ 7,5-13 միավոր է ստացել դիմորդների 39%-ը, 13-18 միավոր` 28%-ը, 18-20 միավոր` 11%-ը, իսկ առավելագույն 20 միավոր ստացել է 35 դիմորդ:
Նշենք, որ նախորդ տարի ֆիզիկայի քննությունից առավելագույն 20 միավոր ստացել է 60 դիմորդ:
 
«Հայոց պատմություն» առարկայի քննությանը մասնակցել է 2266 դիմորդ: Միջին միավորը 11,3 է, անբավարար ստացել է դիմորդների 20%-ը, 7,5-13 միավոր` 30%-ը, 13-18 միավոր` 32%-ը, 18-20 միավոր` 19%-ը, իսկ առավելագույն 20 միավոր ստացել է 45 դիմորդ:
 
Ինչ վերաբերում է քիմիայի քննությանը, ապա այստեղ միջին միավորը 12 է, անբավարար ստացել է դիմորդների 20%-ը, 7,5-13 միավոր` 31%-ը, 13-18 միավոր` 25%-ը, 18-20 միավոր` 25%-ը, իսկ առավելագույն 20 միավոր` 50 դիմորդ: Նշենք, որ քիմիայի քննությանը մասնակցել է 1242 դիմորդ:
 
Համեմատելով նախորդ տարվա քննությունների արդյունքների հետ, Ա.Իսպիրյանը նշել է, որ «ունենք նույն պատկերն, ինչ նախորդ տարիներին», սակայն հայոց լեզու և գրականություն և ֆիզիկա առարկաներից արդյունքները ավելի ցածր են, քան նախորդ տարիներին:
 
Արա Իսպիրյանը հայտնեց նաև, որ հունիսի 24-ից Հայաստանում մեկնարկել է միասնական քննությունների երկրորդ փուլը: Երկրորդ փուլին մասնակցելու համար դիմում-հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 1-ը:
 
Նրա խոսքերով` քննությունները կանցկացվեն հուլիսի 2-ից 8-ը: Երկրորդ փուլին կմասնակցեն առաջին փուլում քննություններից հարգելի բացակայած դիմորդները, քոլեջների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, բանակից զորացրվածները, ինչպես նաև արտասահմանում դպրոցն ավարտած մեր հայրենակիցները:
 
2013-14թթ. ընդունելության քննությունների արդյունքները հայտնի կլինեն հուլիսի 15-ին:
 
Հիշեցնենք, որ 2013-14 թթ. ուսումնական տարում ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 15 000 դիմորդ:
 
Աղբյուրը` Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.