News

«Թեքեյանական 7-րդ օլիմպիադա» միջդպրոցական ծրագրի ամփոփում

Educational 2017-04-18

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն իրականացրել է «Թեքեյանական 7-րդ օլիմպիադա» միջդպրոցական ծրագիրը, որը գիտելիքների մրցույթ էր մաթեմատիկա, անգլերեն լեզու, հայոց լեզու և գրականություն առարկաներից:

 

Թեքեյանական 7-րդ օլիմպիադան, որին մասնակցել է անհրաժեշտ գիտելիքներ ունեցող թվով 63 աշակերտ, տեղի է ունեցել Թեքեյան Կենտրոնում: Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս մրցույթում իրենց ուժերն են չափել Հայաստանի՝ Երևանի, Գյումրիի, Ստեփանավանի, Կարբի գյուղի և Արցախի՝ Բերձորի, Վ. Թեքեյանի անվան դպրոցների, ինչպես նաեւ Հայաստանի սիրիահայ համայնքի 8-րդ դասարանի աշակերտները:

 

Միջոցառումը մեկնարկել է Կարբի գյուղի Վ.Թեքեյան դպրոցի սաների ելույթով՝ Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված հանդեսով: Այնուհետեւ հյուրերին և օլիմպիադայի մասնակիցներին ողջունել է ԹԿՀ տնօրեն Արմեն Ծուլիկյանը:

 

«Ավանդական են դարձել Հայաստանում եւ Արցախում գործող Վ. Թեքեյանի անվան հինգ դպրոցների և Թեքեյան Կենտրոնի փոխադարձ կապերը, և արդեն կայացել է թեքեյանական թիմ, որը միասնական նորանոր հաջողություններ է գրանցում, քանզի մեկի հաջողությունն ու հաղթանակը բոլորի հաջողությունն ու հպարտությունն է. հաղթում է թեքեյանական, երիտասարդական և ազգի միասնությունը»,-նշել է Ծուլիկյանը: Նա նաև իր խորին երախտագիտությունն է հայտնել մասնագիտական հանձնախմբին՝ ծավալուն և անկողմնակալ աշխատանքի համար:

 

Մրցանակաբաշխությանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՆ Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը: Նախարարության անունից նա շնորհակալություն է հայտնել ԹԿ հիմնադրամին՝ տարիներ շարունակ նմանատիպ միջոցառում կազմակերպելու համար, մասնավորապես նշելով. «Չունենալով պետական հովանավորչություն, հիմնադրամն իրականացնում է աշակերտակենտրոն կրթական ծրագիր, որը ստուգում է երեխաների գիտելիքները և ոչ միայն խրախուսում մրցանակներով, այլև տալիս շահագրգռում կրթությամբ առաջ գնալու»:


Օլիմպիադայի մրցութային հանձնախմբը, որի կազմում էին «Ուսմունք» վարժարանի փոխտնօրեն Ա. Ավետիսյանը /հայոց լեզու և գրականություն/, ԵՊՀ դասախոս Ա. Մարգարյանը /անգլերեն լեզու/ և Մ. Գալշոյանի անվ. թիվ 148 դպրոցի փոխտնօրեն Ա. Գեւորգյանը /մաթեմատիկա/, մասնագիտական կարծիքն է արտահայտել և գովաանագրեր, պատվոգրեր ու արժեքավոր մրցանակներ հանձնել բարձր առաջադիմություն դրսևորած աշակերտներին: Անկախ օլիմպիադայի արդյունքներից՝ բոլոր մասնակիցներին ԹԿՀ կողմից տրվել են խրախուսական մրցանակներ՝ «Զանգակ» հրատարակչության գրքեր:

 

Հիմնադրամի նպատակն է օլիմպիադայի միջոցով քաջալերել աշակերտներին՝ խորացնելու գիտելիքներն ու ապահովելու բարձր առաջադիմություն, առողջ մրցակցության պայմաններում դրսևորելու իրենց կարողությունները և արժանանալու մրցանակների, ինչպես նաև ծանոթանալու տարբեր մարզերում բնակվող հասակակիցների հետ:

 

Թեքեյանական 7-րդ օլիմպիադայում առաջին մրցանակի են արժանացել`

«Հայոց լեզու և գրականություն» - Ռուզաննա Հովակիմյան /Բերձոր/

«Անգլերեն լեզու» - Գեւորգ Թումաղյան /Երևան/

«Մաթեմատիկա» - Պարիս Բաղդասարյան /Կարբի/

 

Աղբյուրը՝ «Թեքեյան Կենտրոն» 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.