News

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի ՀՀ կրթական նախագծերին

Educational 2017-03-22

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պաշտոնական այցի շրջանակներում Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ կրթության գծով տեղակալ Քիան Տանգի հետ: Վերջինս պատրաստակամություն է հայտնել օժանդակել կրթության զարգացմանն ու բարեփոխումներին ուղղված հայաստանյան նախագծերին:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են «ՄԱԿ-ի կայուն զարգացում 2030» օրակարգի կրթությանը վերաբերող բաղադրիչի` «Կրթություն-2030» հիմնարար փաստաթղթի շրջանակում Հայաստանի կրթության համակարգի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից օժանդակության հեռանկարները:

 

Նշվել է, որ «Կրթություն-2030» հիմնարար փաստաթղթի գործողությունների ծրագրի նպատակն է մինչեւ 2030 թվականն աշխարհում ունենալ հավասարապես մատչելի, ներառական, որակյալ կրթություն բոլորի համար, ներառյալ՝ շարունակական կրթությունը: Նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտի` «Կրթություն-2030» հիմնարար փաստաթղթի գործողությունների ծրագրի նպատակներին համահունչ զարգացման առաջնահերթությունները և դրանց իրականացմանն ուղղված նախագծերը:

 

Մասնավորապես նշվել է, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ վեցամսյա ժամկետում մշակվելու է բարձրագույն կրթության զարգացման ծրագիրը: Հանրակրթության ոլորտի առաջնահերթություններից ընդգծվել է հեռավար կրթության համակարգի զարգացման, տեխնոլոգիական եւ մաթեմատիկական կրթության ընդլայնման կարևորությունը:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սեղմ ժամկետում իրականացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ սկսված Հայաստանի բարձրագույն կրթության զարգացման 2017-2030 թթ. ռազմավարական ծրագրի մշակումը և սերտորեն աշխատել կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիանների` Մոսկվայում տեղակայված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ինստիտուտի հետ: 
 

Աղբյուրը՝ Edu.am

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.